Հայաստան

Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի հնարավոր ուժեղ երկրաշարժը չվերածվի համազգային աղետի. ՀՀ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի հնարավոր ուժեղ երկրաշարժը չվերածվի համազգային աղետի. ՀՀ ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ուղերձով է հանդես եկել: «Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Հարգելի՛ աշխատակիցներ, համակարգի վետերաններ, գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ:

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների հետ։

Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցներն արել ու շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի սեյսմիկ անվտանգությունը, և ուժեղ երկրաշարժը չվերածվի համազգային աղետի, ինչպես եղավ 1988-ի դեկտեմբերին: Հենց Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը հաշվի առնելով՝ 1991 թ. հուլիսի 17-ին ստեղծվեց միասնական պետական կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն էր պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը: Այդ նպատակն արդիական է նաև այսօր։

Հայաստանի Հանրապետությունն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման, ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման, երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոնները բնակչությանն ուսուցանելու, երկրաշարժից տուժածների որոնումն ու փրկարարական աշխատանքները համակարգելու գործում:

Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար և կրկին շնորհավորում մասնագիտական օրվա կապակցությամբ»,- ասված է ուղերձում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում