ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորը հայտարարել է անցյալ տարվա օգոստոսից ի վեր դեպի օվկիանոս թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ և ընթացիկ տարվա սկզբից երրորդ արտանետման ավարտի մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախատեսվածի համաձայն՝ արտանետումը սկսվել է հունիսի 28-ին և ավարտվել այսօր: Հերթական անգամ բաց է թողնվել 7846 տոննա ջուր, իսկ անցած տարվա օգոստոսից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմում է 54,7 հազար տոննա։ Կայանի օպերատորը երեք կիլոմետր հեռավորության վրա տեղադրել էր 10 մոնիտորինգային սարքեր, որոնց տվյալների համաձայն՝ տրիտիումի առավելագույն պարունակությունը կազմում է 18 բեկերել մեկ լիտրում։
Անցյալ տարվա օգոստոսին TEPCO ընկերությունը սկսեց օվկիանոս թափել 2011 թվականի վթարի ժամանակ ավերված ռեակտորների սառեցումից հետո մնացած ջուրը։
Ճապոնիայի որոշման պատճառով Չինաստանն արգելել է ճապոնական ծովամթերքի և ձկան ներմուծումն ու վերամշակումը, իսկ Ռուսաստանը նախորդ տարվա հոկտեմբերից ներմուծման սահմանափակումներ մտցրեց ճապոնական ձկնամթերքի վրա։