Տնտեսություն

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

2 րոպեի ընթերցում

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային բանկը Հայաստանում 2024 թվականի հունվար-մայիսին 11․2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել, ինչը սպասվածից բարձր է համարում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Համաշխարհային բանկի հերթական ամփոփագրում։  

Նշվում է, որ 2024 թվականի մայիսին Հայաստանում տնտեսական աճը գրեթե կիսով չափ կրճատվել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 5.2 տոկոս: Ապրիլին այդ ցուցանիշը եղել է 10 տոկոս: 

Տնտեսական աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական արտադրության և առևտրի ծավալների նվազմամբ: Մայիսին արդյունաբերության ոլորտում աճը նվազել է մինչև 6.9 տոկոսով, ապրիլին այն կազմել էր 16.6 տոկոս: Անկումը գրանցվել է գերազանցապես մշակող արդյունաբերության ծավալների նվազման հետևանքով: Ապրիլի 27 տոկոս ցուցանիշը մեկ ամիս անց կազմել է 11.5 տոկոս: Պատճառը ոգելից խմիչքների արտադրության ծավալների նվազումն է 14 տոկոսով և ծխախոտի արտադրության դանդաղումը (ապրիլին արտադրությունը կազմել է 23, մայիսին՝ 13 տոկոս): 

Կրճատվել են նաև առևտրի ծավալները, որոնք ապրիլին կազմել են 27.2, իսկ մայիսին՝ 17.6 տոկոս: Փոխարենը, աճ է գրանցվել ծառայությունների (2.8 տոկոս՝ առանց առևտրի ցուցանիշի) և շինարարության (18.1 տոկոս) ոլորտներում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում