Հայաստան

ԱԺ-ում առաջարկում են բարձրացնել փոխնակ մայր լինելու տարիքային շեմը՝ դարձնելով 38 տարեկան

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում առաջարկում են բարձրացնել փոխնակ մայր լինելու տարիքային շեմը՝ դարձնելով 38 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր և գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթևիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հուլիսի 11-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, իսկ մինչև 22 շաբաթական հղիության ընդհատման պարագայում միայն հիվանդանոցային պայմաններում` բժշկի հսկողության տակ:

Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես՝ առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաև փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը` 35-ից դարձնելով 38 տարեկան:

Բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչև 55 տարեկանը:

Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման և ոչնչացման հետ:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հռիփսիմե Հունանյանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ և արժանացել հավանության:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում