Կինոյի լանդշաֆտը փոխվում է, և դժվար է դառնում ֆիլմեր նկարելը. օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Երևանում հանդիպեց արվեստասերներին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրկնակի օսկարակիր կինոռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Փեյնը, որի ֆիլմերը հայտնի են յուրահատուկ հումորով, ժամանակակից ամերիկյան հասարակության երգիծական նկարագրությամբ, գլխավորում է Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 10-ին կինոռեժիսորի երկրպագուները հնարավորություն ունեցան հանդիպել նրա հետ, զրուցել կինոարվեստի, ռեժիսորի  ստեղծագործական մոտեցումների և այլ հարցերի շուրջ։ 

Փեյնը խոստովանեց, որ Երևան գալուց ի վեր քնելու ժամանակ չի ունեցել։ Երկար է մնացել օդանավակայանում, տեսել արևածագը։ «Այստեղ ամեն բան երազի է նման։ Երրորդ օրն է, որ Հայաստանում եմ, և հրաշալի է ամեն բան. լավ մարդկանց եմ հանդիպել։ Կարծում եմ՝ առաջիկա օրերը ևս  լավ են անցնելու»,-նշեց նա։

Փեյնը ութ լիամետրաժ ֆիլմ է նկարահանել, որոնցից վեցի սցենարիստն է, սակայն մասնակցել է նաև մյուս ֆիլմերի սցենարական աշխատանքներին։ «Իմ «Նեբրասկա» ֆիլմն ի սկզբանե որպես թատերախաղ է եղել։ Ես սցենարիստին պատմեցի գաղափարը, որը խմորվել էր տարիներ շարունակ։ Հասկանում էի, որ ակադեմիական աշխարհից չեմ ու պետք է ուսումնասիրեի այն։ Որպես հրաշք իմ ձեռքում հայտնվեց նախնական սցենարը, ասես մանանա թափվեց իմ գլխին։ Սցենարիստներին ասացի, որ լավ կլինի՝ իմ գաղափարները ևս հաշվի առնեն, համաձայնեցի ու միասին աշխատեցինք։ Սցենարը երկուսիս էլ բավարարեց»,-հիշեց ռեժիսորը։

Ըստ Փեյնի՝ բոլոր ռեժիսորներն էլ իրենց ֆիլմերում փորձում են որևէ անձնական բան մտցնել, անգամ, եթե սցենարի հեղինակները չեն, նյութի հետ երկխոսության մեջ են մտնում, կյանքի փորձառությունն են դնում, զգայունությունը, պատկերացումները դրամայի, կատակերգության մասին։ 

Նա երկար ժամանակ ցանկացել է որևէ ժամանակաշրջանի մասին ֆիլմ նկարահանել և այն օգտագործել ապագայի կամ անցյալի որոշ շրջան նկարագրելու համար։  «Հետաքրքիր էր, որ այդ ժամանակ Ամերիկայում չկար որևէ դպրոց, որտեղ մեկ սեռի պատկանող երեխաներ սովորեին։ Ըստ իս՝ շատ ու շատ երկրներում կինոն այդ ընթացում զարգանում էր։ Հիշում եմ, թե իմ երիտասարդության տարիներին ինչ ֆիլմեր էի դիտում։ Դրանք վերանայելով՝ հիշում եմ իմ մանկությունը՝ 1960-ականների վերջը, 1970-ականների սկիզբը։ Դա յուրահատուկ շրջան էր կինոյի պատմության համար։ Երբ դիտում եմ այդ շրջանի ֆիլմերը, զգացողություն ունեմ, որ այն, ինչ ցույց ես տալիս էկրանին, ասես ժամանակից պոկած լինես։ Շատ գեղեցիկ կինոնկարներ կան, որոնք  տպավորում են մարդկանց»,-ասաց Փեյնն ու հավելեց՝ միշտ մտածել է՝ կապ չունի, թե որ դարաշրջանի մասին է ֆիլմ նկարահանում, պարզապես ցանկացել է ստեղծել կինոնկարներ, որոնք կտարբերվեն այլ ռեժիսորների ֆիլմերից։ «Ալեքսանդր Փեյնի կինոնկարներն իմ մենաշնորհն են»,-շեշտեց նա։

Ռեժիսորն իր ստեղծագործական ամբողջ կյանքում փորձել է 1970-ականների ոճով ֆիլմեր նկարահանել։ Անգամ նրա ժամանակակից ֆիլմերն են նախորդ դարաշրջանը հիշեցնում։ «Կինոն պետք է լինի հետաքրքիր, հասանելի մարդկանց,  ծիծաղեցնի հանդիսատեսին կամ ստիպի լաց լինել։ Սիրում եմ բարդ սիրո մասին ֆիլմեր նկարել,  երբ պետք է խոչընդոտներ հաղթահարել, պայքարել, սենտիմենտալ մոտեցում ցույց տալ։ Ուզում եմ, որ նման ֆիլմերն անկեղծ լինեն։ Իրականում հիմա շատ քիչ կինոնկարներ կան, որոնք լավ պատմություն են պատմում։ Քիչ են ֆիլմերը, որոնցում մարդկային պատմություններ են, չկան խառը, գժական երևույթներ, կռիվներ և այլն։ Միայն մի բան գիտեմ, որ անցյալում շատ էի ֆիլմեր դիտում, իսկ ժամանակակից կինո՝ ոչ»,-խոստովանեց Ալեքսանդր Փեյնը, որը չի ցանկանում որևէ սահմանում տալ իր կինոնկարներին։

Մարդիկ երբեմն նրան հարցնում են՝ հավանաբար տարիներ անց ավելի հեշտ է ֆիլմ նկարահանելը։ Նա պատասխանում է, որ կինոյի լանդշաֆտը փոխվում է և գնալով ավելի դժվար է դառնում ֆիլմեր նկարահանելը։ Ռեժիսորը հավաստիացրեց, որ իր համար երբեք էլ հեշտ չի եղել.  ուղղակի  եղել են ֆիլմեր, որոնք պակաս դժվար են ստեղծվել։ «Երբ կինոյի ֆակուլտետում սովորող ուսանողների հետ եմ խոսում, իմ առաջին խորհուրդը նրանց այն է, որ ընկերանան հուսահատության հետ, որովհետև դա կարևոր է  ֆիլմեր նկարահանելու համար։ Իրականում ռեժիսորի աշխատանքը շատ գեղեցիկ է. մենք ինչ-որ չափով վիրաբույժներ ենք»,-ընդգծեց Փեյնն ու նշեց՝ եթե անգամ շատ քիչ բյուջե ունի, ուզում է մարդկային պատմություններ նկարահանել, մարդկային ֆիլմեր։ 

Փեյնը չի կարծում, որ սխալ ժամանակաշրջանում է ծնվել, և, եթե ժամանակի մեքենա ունենար, կգնար ապագա, կգտներ բոլոր հիվանդությունների բուժման միջոցները և կվերադառնար։

Փեյնը մի քանի տարի աշխատել է կինոյում և հեռուստատեսությունում, մինչև  1996 նա գրել է սցենար և նկարահանել իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քաղաքացի Ռութը»։ Նրա «Ընտրություն» ֆիլմը, որի գլխավոր դերերում խաղացել են Մեթյու Բրոդերկին և Ռիզ Ուիզերսփունը պատմում է Ամերիկայում քաղաքականության և կրթության մասին։ Ֆիլմն ուշադրություն է գրավել այն ժամանակ, երբ կինոքննադատ Դավիթ Դենբին  The New Yorker շաբաթաթերթում այն անվանել է 1999-ի լավագույն ֆիլմը։ 2000 թվականին Փեյնը լավագույն ադապտացված սցենարի համար առաջադրվել է «Օսկար»-ի։

2005 թվականին «Ճամփեզրին» ֆիլմի սցենարով Փեյնը հաղթել է BAFTA, «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակաբաշխություններում։ Կինոնկարը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը «Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում։

Ալեքսանդր Փեյնի հեղինակած ութ լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են 24 «Օսկար»-ի` չորս անգամ «Լավագույն ֆիլմ» և երեք անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ 

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմի հետահայաց ցուցադրությունը։

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանն է ներկայացնում մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվում են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: 

Փառատոնն այս տարի հյուրընկալել է այնպիսի ականավոր հյուրերի, ինչպիսիք են՝ կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, ամբողջ աշխարհում Փարաջանովի դեսպանը համարվող ռեժիսոր Տարսեմ Սինգհը, կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան օսկարակիր Քևին Սփեյսին։ Հյուրերից յուրաքանչյուրը բաց հանդիպում կունենա կինոյի երկրպագուների հետ, որոնց ընթացքում հնարավոր կլինի նաև հարցեր ուղղել նրանց։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 

Հայերեն Русский

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները