Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստողների մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք
1 րոպեի ընթերցում
![Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստողների մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/06/woPuY4zylOpQNunMPZ45nArj1LP9co383SYbYdYU.webp)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստող քաղաքացիներից առգրավել են 50 ինքնաձիգ, 20 ատրճանակ և 255 հազար պարկուճ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու միջոցով իշխանությունը բռնի ուժով զավթելու ծրագրած խմբի մի շարք անդամների խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 50 ինքնաձիգ, 20 ատրճանակ և 255 հազար պարկուճ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առգրավվել է նաև իրավապահ մարմինների համազգեստի 200 հավաքածու, 38 զրահաբաճկոն, երկու անօդաչու թռչող սարք, ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ծայրահեղական գրականություն և այլ իրեր։
Բացի այդ, խուզարկությամբ հայտնաբերվել են մի շարք քաղաքացիների անձնական փաստաթղթեր, այդ թվում՝ Ղրղզստանի Ժողովրդական Քենեշի պատգամավոր Մառլեն Մամատալիևին պատկանող անձը հաստատող փաստաթուղթ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախօրեին Անվտանգության պետական կոմիտեն հայտարարել էր հանրապետությունում հեղաշրջում նախապատրաստող հինգ հոգանոց խմբի կալանավորման մասին։