Մշակույթ

Արամ Խաչատրյանը՝ Ուրուգվայում. Սոլիս թատրոնում տեղի է ունեցել կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ

2 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանը՝ Ուրուգվայում. Սոլիս թատրոնում տեղի է ունեցել կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից՝ նշելով, որ բացառիկ համերգի շրջանակներում ՀՀ դեսպանությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, Սոլիս թատրոնում ներկայացրել է նաև Արամ Խաչատրյանի՝ 1957 թվականին Ուրուգվայ կատարած այցի լուսանկարների ցուցահանդես:

Տուն-թանգարանի բարեկամ, Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի ջանքերով Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առիթով հրատարակված անգլալեզու պատկերագիրքը հանձնվել է Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիային:

Ըստ աղբյուրի՝՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացած այս համերգի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի ընթացքում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են նաև Արամ Խաչատրյանի հանրահայտ այլ ստեղծագործություններ, այդ թվում՝  ‹‹Դիմակահանդես››-ի վալսը, ‹‹Զանգեզուրի քայլերգը››, ‹‹Գայանե›› բալետից հատվածներ և այլն:  

ՀՀ դեսպանության հրավերով՝ համերգին ներկա են գտնվել նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության և այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Համերգին հետևած ընդունելության ընթացքում դեսպան Մարիամ Գևորգյանը շնորհակալագրերով է պարգևատրել դաշնակահար Հայկ Մելիքյանին և դիրիժոր Ալվարո Հակոբյանին՝ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունն Ուրուգվայում լավագույնս ներկայացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում