Աշխարհ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել Մեծ Բրիտանիայի բանտից

3 րոպեի ընթերցում

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել Մեծ Բրիտանիայի բանտից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել Մեծ Բրիտանիայի բանտից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է WikiLeaks-ը X սոցիալական հարթակի իր էջում։

«Ջուլիան Ասանժն ազատության մեջ է: Նա հունիսի 24-ի առավոտյան դուրս է եկել Բելմարշի խիստ ռեժիմի բանտից՝ այնտեղ անցկացնելով 1901 օր», - ասված է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Լոնդոնի Գերագույն դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Ասանժին։

«Օրվա երկրորդ կեսին նրան ազատ են արձակել Սթենսթեդ օդանավակայանում, որտեղ նա ինքնաթիռ է նստել և մեկնել Մեծ Բրիտանիայից», - հայտնել են ընկերությունից:

WikiLeaks-ը հաստատել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության հետ երկարատև բանակցությունները հանգեցրել են գործարքի կնքման, որը դեռ «պաշտոնապես չի ավարտվել»:

«Մինչ նա վերադառնում է Ավստրալիա, մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր եղել են նրա կողքին, պայքարել են մեզ համար և լիովին հավատարիմ մնացել նրա ազատության համար պայքարին», - նշված է WikiLeaks-ի հաղորդագրությունում:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ WikiLeaks-ի հիմնադիրն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ համաձայնության է եկել մեղքը խոստովանելու գործարքի շուրջ, որը թույլ կտա նրան խուսափել ԱՄՆ-ում բանտարկությունից։

The Hill-ը պարզաբանում է, որ Ասանժը գործարքի շրջանակներում իրեն մեղավոր է ճանաչում ապօրինի կերպով ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու և տարածելու նպատակով դավադրություն կազմելու մեջ:

Ըստ ձեռք բերված համաձայնագրի պայմանների՝ Արդարադատության նախարարության դատախազները կպահանջեն 62-ամսյա բանտարկություն, ինչը հավասար է այն ժամանակին, որ Ասանժն անցկացրել է Լոնդոնի խիստ ռեժիմի բանտում։

Ասանժը դաշնային դատարանի առաջ կկանգնի հունիսի 26-ի առավոտյան, ԱՄՆ-ի կողմից կառավարվող Մարիանյան կղզիներում, որից հետո կվերադառնա Ավստրալիա։ 

Ասանժը 2010 թվականին հրապարակել էր հարյուր հազարավոր գաղտնի ռազմական և հետախուզական փաստաթղթեր: Նրան մեղադրանք էր առաջադրվել լրտեսության համար։ Նա ձերբակալվել էր Բրիտանիայում 2010 թվականին և գրավի դիմաց ազատ արձակվել։ Նա ապաստան էր ստացել Էկվադորի դեսպանատանը, որտեղ անցկացրել էր 7 տարի։ 2019 թվականին Ասանժին դուրս էին բերել դեսպանատնից։ Այդ ժամանակից մինչ օրս նա գտնվում էր Բրիտանիայի խիստ ռեժիմի բանտում, որտեղից պայքարում էր ԱՄՆ արտահանձնման դեմ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում