Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության  աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է  «ՔոչարՖեստ»ը՝ նվիրված հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125 -ամյակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումներն իրականացվել են թանգարանի  հարակից փողոցում, որը ամբողջությամբ շնչում էր Քոչարի արվեստով:

 Միջոցառումների շարքը մեկնարկել է փազլի մրցաշարով: Հանրակրթական և արվեստի դպրոցների թվով 125- աշակերտ հնարավորթյուն ունեցան սահմանված ժամանակահատվածում հավաքելու Քոչարի գործերի փազլ տարբերակներն՝ այսկերպ հաղորդակից լինելով Քոչարի փարիզյան շրջանի որոշ գործերին:

Միջոցառման մասնակիցներին տրամադրվել են  Քոչարի 125 ամյակին նվիրված հավաստագրեր, պատվոգրեր եւ փոքրիկ հուշանվերներ:

 Օրվա ընթացքում  ցուցադրվել են Քոչարի ստեղծագործությունների մասին պատմող անիմացիոն ֆիլմեր.

«Երվանդ Քոչարն այն արվեստագետն է, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ: Նրա ժառանգությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ուշագրավ երևույթներից է: Կարծում եմ՝ մեր պետության և թանգարանի համատեղ ջանքերով աշխարհը նորովի կբացահայտի Քոչար արվեստագետին և նորարարին, որը Հայաստանին և աշխարհին նվիրել է քարի, մետաղի և կտավի վրա ամրագրված մարդասիրության քարոզի հիասքանչ նմուշներ»,- միջոցառման ընթացքում նշել է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն՝ Կարինե Քոչարը:

«ՔոչարՖեստ»-ի շրջանակում  առանձին տաղավարում ներկայացված էր արհեստական բանականությամբ նկարող ռոբոտ սարքը, որն իր վրձնի միջոցով  նկարում էր մաեստրոյի գործերը:

Օրվա  զարդարանքներից էին համարվում  թանգարանի  կողմից հեղինակած Քոչարի աշխատանքների մոտիվներով երկու արտօբյեկտների լուսային ցուցադրությունը:

Առանձին տաղավարներ էին նախատեսված  ֆոտոնկարահանումների համար՝ կրկին Քոչար 125 գրություններով եւ  թեմատիկ պատկերներով:

Երեկոն ամփոփվել է  ջազային համերգային երեկոյով՝ Արտո Թունջբոյաջյան և Վահագն Հայրապետյանի կատարմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում