Վրաստան

Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը

5 րոպեի ընթերցում

Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միմինո» հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոնը հունիսի 22-ին խորհրդանշական վայրում՝ Դիլիջանում, իր շուրջ էր համախմբել հարյուրավոր մարդկանց, որոնք հնարավորություն ունեին քաղաքի կենտրոնում համտեսել  համեղ ուտեստներ և ծանոթանալ պատրաստման եղանակներին:

Փառատոնի ավելի քան քառասուն տաղավարում, խոհանոցներից բացի, ներկայացված էին գյուղական բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքներ՝ տիկնիկներ, զարդեր, աքսեսուարներ: Տոնական մթնոլորտն ամբողջացնելու համար ցուցահանդես-վաճառքին զուգահեռ նաև համերգային ծրագիր էր կազմակերպվել. ելույթներ էին ունենում Հայաստանի ու Վրաստանի պարային խմբերը, երգիչները։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց՝ փառատոնի նպատակն է  երկու երկրների մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակին ներկայացնելու միջոցով երկխոսություն ծավալել հարևան, բարեկամ ազգերի միջև, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

«Ցանկանում ենք ցույց տալ երկու ազգերի մշակութային ժառանգության համադրելիությունը և դրանով նաև շահույթ ապահովել և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար: Իրականում երկու երկրների մշակույթների հետ կապված հարցեր կան, որոնք շահարկվում են ոչ կոմպետենտ շրջանակում, և մենք ուզում ենք մասնագետներով պարզաբանել որոշ հարցեր: Մասնագիտական շրջանակում հասկանում են, որ հնարավոր չէ հազարամյակներով ապրել կողք կողքի, հարաբերվել, շփվել, լինել բարեկամ և ինչ-որ բան չվերցնել իրարից կամ չտալ: Մեր միջև նմանությունները, ընդհանրությունները մեր ընդհանուր հարստությունն են»,- շեշտեց Մամուլյանը:

Նրա խոսքով՝ ավաղ, վրացական տաղավարները դեռ քիչ են: «Եթե առաջին տարին մենք ունեինք վեց մասնակից, ապա այս տարի 12 տաղավար է մասնակցում Վրաստանից: Բոլորը չէ, որ խոհանոց են ներկայացնում: Վստահ եմ՝ հաջորդ տարի խոհարարների թիվը մեծանալու է»,- նշեց Սեդրակ Մամուլյանը:

Միջոցառումը կազմակերպվել է Դիլիջանում, քանի որ թեման «Միմինո» ֆիլմն է, որի գլխավոր դերերում հանդես են եկել սիրված դերասաններ Մհեր Մկրտչյանն ու Վախթանգ Կիկաբիձեն: «Մենք պետք է Դիլիջանում անպայման բացենք ծորակը, ասենք, որ այն աշխարհում երկրորդն է: Երբ վրացական կողմը նախաձեռնի «Միմինո» փառատոնը, այն կանցկացվի Թելավիում, քանի որ «Միմինո»-ի գլխավոր հերոսը Թելավիից էր: Կարծում եմ՝ այդ կինոնկարում լավագույնս են ներկայացվել մեր առանձնահատկություններն ու ընդհանրությունները, մեր աշխարհընկալումները»,- շեշտեց Մամուլյանը: 

Վրաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Լևանի Կոբիաշվիլին  շատ կարևորեց փառատոնի անցկացումը, քանի որ այն խորհրդանշում է Մհեր Մկրտչյանի և Վախթանգ Կիկաբիձեի բարեկամությունը: «Մենք մտածեցինք այս փառատոնը, որ շարունակենք երկու ժողովուրդների բարեկամությունը: Հույս ունենք, որ Թելավիում ևս կանցկացնենք այս փառատոնը»,- ասաց նա: Կոբիաշվիլին կարծում է՝ հայկական և վրացական ուտեստների  անուններն են նման, բաղադրիչները, սակայն համերը շատ են տարբերվում: «Ես սիրում եմ հայկական խոհանոց և հաճախ եմ այցելում այստեղ, համտեսում ձեր ավանդական ուտեստները: Դուք հրաշալի խոհարարներ ունեք, որոնք հրաշքներ են ստեղծում»,- շեշտեց Կոբիաշվիլին:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր  դեսպան Գեորգի Շարվաշիձեն: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ նշելով, որ փառատոնը խորհրդանշում է երկու երկրների բարեկամությունը, եղբայրությունը, մշակութային երկխոսությունը:

Փառատոնին ամփոփվեցին նաև միջոցառման շրջանակում կազմակերպված հայ և վրացի խոհարարների միջև մրցույթի արդյունքները: Հայաստանի խոհարարները պատրաստել էին Տավուշին բնորոշ, վրացական կողմը՝ իր նախընտրած կերակրատեսակները։ Առանձնացվել էին տոլման ու խինկալին:

Փառատոնն անցկացվեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի,  Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում