Քաղաքականություն

Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը միանշանակ ճիշտ քայլ է. Ռուբեն Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը միանշանակ ճիշտ քայլ է. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի Պետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը բխում է միջազգային զարգացումների տրամաբանությունից և անկասկած դրական կանդրադառնա մեր երկրի հեղինակությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում օրվա կարևորագույն նորությունն այդպես մեկնաբանեց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

«Կարծում եմ՝ Պաղեստինը ճանաչելու մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը միանգամայն տրամաբանական է: Ավելին՝ այդ պահը հասունացել էր ու սպասելի էր, որ Հայաստանը հանդես կգա նման հայտարարությամբ: Տեսնում ենք, որ աշխարհում գնալով լայն տարածում է գտնում պաղեստինյան պետության ճանաչման գործընթացը՝ հետզհետե ավելանում է այդ մասին բարձրաձայնող երկրների քանակը: Այնպես որ, Հայաստանի կատարած քայլի ճշմարտացիության վերաբերյալ երկու կարծիք չի կարող լինել»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ այդմ, մասնագետը համարում է, որ Պաղեստինի ճանաչումը դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային հեղինակությանը և համապատասխան արձագանքի կարժանանա ոչ միայն մերձավորարևելյան երկրներում, այլև ողջ աշխարհում:

«Հիմա գրեթե բոլոր երկրները համոզված են, որ պաղեստինա-իսրայելական խնդրի լուծման լավագույն տարբերակը «երկու պետության» բանաձևի իրագործումն է: Հիմա Հայաստանը միացավ դրա օգտին արտահայտվող երկրներին, և դա ճիշտ որոշում է»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե Պաղեստինի ճանաչումն ինչպես կանդրադառնա հայ-իսրայելական հարաբերություններին՝ արևելագետը պատասխանեց, որ ցանկացած երկիր որոշում կայացնելիս ամենից առաջ պետք է առաջնորդվի սեփական շահերով: Առավել ևս, որ տվյալ դեպքում Հայաստանի դիրքորոշումը բխում է համաշխարհային զարգացումների ընթացքից:

Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին:

Պաղեստինը համարվում է մասամբ ճանաչված պետություն, որը, սակայն, մշտական դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում և անդամակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների: Վերջին տվյալներով՝ Պաղեստինի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ին անդամակցող 193 երկրներից 147-ը:

Հրայր Նազարյան 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում