«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա: 

Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» գիրքն առաջին տեղում է։ Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։ 

Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։ Բայց արդյոք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին՝ նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում… Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։

Քրիս Յուանի «Տան որսը» երկրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվն արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:

Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։

Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ը երրորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:

Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Նիթա Փրոուզի «Աղախինը» չորրորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» հինգերորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։ 

Ագաթա Քրիստիի «Հանդիպում մահվան հետ» գիրքը վեցերորդ տեղում է։ Քրիստիի «Հանդիպում մահվան հետ» դետեկտիվ վեպը տպագրվել է 1938թ. Մեծ Բրիտանիայում, ապա նույն թվականին՝ ԱՄՆ-ում։

Իրադարձությունների կիզակետում Բոյնթոնների ընտանիքն է, որը ճանապարհորդության է մեկնում Երուսաղեմ։ Ընտանիքի գլուխը՝ արդեն բավականին ծեր և վատառողջ միսիս Բոյնթոնը, վերահսկում է իր հարազատների յուրաքանչյուր քայլը և ֆինանսական կախվածության մեջ պահում նրանց։ Բոլորը տենչում են նրա մահը, բայց ի վերջո ո՞ւմ զոհն է դառնում ծեր բռնակալուհին։

Դժվարին առեղծվածը այս անգամ ևս հանձն է առնում բացահայտել բելգիացի հանրահայտ խուզարկու Էրքյուլ Պուարոն, որը հանգամանքների բերումով նույնպես հայտնվում է Երուսաղեմում։ Նա, անկախ իր կամքից, սպանության նախօրեին վկա է դառնում մի խոսակցության պատառիկի, որի շուրջ էլ կառուցում է հետաքննությունը։ Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։

Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» յոթերորդ տեղում է։ Սիրելի Փիթերին՝ ընկերներից ամենահավատարիմին և ուղեկիցներից ամենասիրելիին, որ բացառիկ մի շուն է:

Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» վեպը առաջին անգամ հրատարակել է Անգլիայի Collins Crime Club-ը 1937 թվականին: Նույն տարում հրատարակվել է նաև Միացյալ Նահանգներում՝ «Պուարոն հաճախորդ է կորցնում» վերնագրով: Վեպում հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն փորձում է պարզել, թե ով է սպանել ծեր միսս Արնդելին, իսկ այդ ամենն ընթերցողին ներկայացնում է կապիտան Արթուր Հասթինգսը: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Մարկ Լևիի «Իսկ եթե դա ճիշտ էր…» գիրքն ութերորդ տեղում է։ 

Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003 թ. Ֆրանսիայում վաճառվել է 212800 օրինակ: Վեպի հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երևույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսևորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը իններորդ հորիզոնականում է։ է. Ռեմարկի այս վեպն առաջին անգամ՝ 1959 թ., հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ. լույս է տեսել որպես գիրք՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։ 50-ականների սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր։ Թարգմանությունը գերմաներենից՝ Վանուհի Բաղմանյանի։

Տասներորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը:  «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

ՏեղՓոփ. ԳիրքՀրատ.Քանակ
10Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով»Դավինչի336
20Քրիս Յուան, «Տան որսը»Դավինչի127
3+3Ալեքս Մայքլիդիս, «Ցասում»Newmag95
4-1Նիթա Փրոուզ, «Աղախինը»Դավինչի80
5-1Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը» Newmag51
6*Ագաթա Քրիստի, «Հանդիպում մահվան հետ» Էդիթ Պրինտ47
7-2Ագաթա Քրիստի, «Լուռ վկան» Էդիթ Պրինտ31
8նորՄարկ Լևի, «Իսկ եթե դա ճիշտ էր․․․» Էդիթ Պրինտ26
9*Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երկինքն ընտրյալներ չունի»Էդիթ Պրինտ25
10*Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա»Անտարես23

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում