Ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք, օր առաջ անհրաժեշտ է լրացնել ենթակառուցվածքների բացը. նախարար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բոլոր տարիներին պետական բյուջեն պլանավորվում է պակասուրդով, ծախսվում է ավելի շատ, քան ստացվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով: Սա նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք: Ինչո՞ւ ենք սա անում. հստակ մի պատճառով՝ մեզ օր առաջ անհրաժեշտ է լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,–ասաց նախարարը՝ շեշտելով, որ տասնամյակներ շարունակ անուշադրության մատնված ճանապարհները, ջրագծերը, դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, անվտանգային ենթակառուցվածքներն արագ վերականգնման կարիք ունեն:
Անհրաժեշտ է ապահովել երկրի «արյունատար անոթների», կայուն ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, որը հնարավորություն կստեղծի մարդկանց և ընկերությունների համար ամենատարբեր ոլորտներում ծավալել արդյունավետ և ճկուն տնտեսական գործունեություն, ունենալ բարձր արտադրողականություն և մրցունակություն, որպեսզի մարդկանց համար հնարավոր լինի ապահովել հարմարավետ պայմաններ և այդկերպ բարձրացնել նաև կյանքի որակը:
«Անհրաժեշտ են տրանսպորտային այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք արդյունավետ կիրագործեն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կբարձրացնեն Հայաստանի կարևորությունը: Ավելի լայն համատեքստում՝ այսպիսով Հայաստանն իր ներդրումը կունենա Հարավային Կովկասի դերի բարձրացմանը՝ որպես գլոբալ լոգիստիկ շղթաների կարևոր միջանցք»,–ասաց Հովհաննիսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ բյուջեի դեֆիցիտն ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին:
«Սա նշանակում է, որ մեր քաղաքացիների ու տնտեսավարողների խնայողություններն են ուղղվում վերոնշյալ ենթակառուցվածքների զարգացմանը: Խնայողություններն ամենաարդյունավետ միջոցն են երկրի տնտեսական զարգացման համար»,-հավելեց նա: