ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան աշխարհում ամենահաճախ բեմադրվող ստեղծագործություններից է: Այն գեղեցիկ է, շքեղ, հարուստ երաժշտական ավանդույթներով ու գրավիչ դրամատիկ սյուժեով: «Բոհեմ»-ը, որն առաջին անգամ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է 1936 թվականին, տևական դադարից հետո վերադառնում է թատրոնի բեմ:
Առաջնախաղերը նախատեսվում են հունիսի 14-15-ին: «Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ներկա են եղել ներկայացման փորձին և զրուցել ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ:
Օպերան բեմադրելու համար Բուլղարիայից Հայաստան է հրավիրվել բեմադրող ռեժիսոր Օրլին Անաստասովը: Նա արդեն մի քանի ամիս աշխատում է ներկայացման շուրջ և խոստանում՝ բեմում հեքիաթ է լինելու:
«Պատրաստում ենք ավանդական ներկայացում, քանի որ «Բոհեմ»-ի պարտիտուրում ամեն բան գրված է. կարիք չկա շատ մտածելու՝ ինչ բեմադրություն անել: Ցանկացել եմ Երևանում շատ գեղեցիկ ներկայացում բեմադրել, որը հեքիաթ կհիշեցնի: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Փոքր հակադրություններ ենք ստեղծել՝ կապված սցենոգրաֆիայի և կոստյումների հետ: Կոստյումները շքեղ են, ակտերի միջև դինամիկ փոխելու ենք ամեն բան և էներգիա չենք կորցնելու: Կուզեի՝ ամեն ինչ միանգամից լիներ, ինչպես կինոնկարում է»,-նշում է ռեժիսորը:
Ներկայացման մեջ ներգրավված են օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, աստղերը: Կան տեսարաններ, երբ բեմում հարյուր արտիստ է: «Այս ներկայացումը նման չէ օրինակ՝ Վերդիի «Աիդա»-ին, երբ բոլորը բեմում կանգնած երգում են, հետո՝ հեռանում: Այստեղ յուրաքանչյուր արտիստ ինչ-որ բանով է զբաղված: Բարդ գործընթաց է, բայց արդյունքը հրաշալի կլինի»,-հավաստիացնում է Անաստասովը:
Մինչ հիմնական աշխատանքն իրականացնելը ռեժիսորը մոտ վեց անգամ այցելել է Երևան՝ օպերային թատրոն, ամեն այցի ժամանակ պարապել արտիստների հետ, փորձել են պատշաճ պատրաստվել դերերին: Երբ սկսվել են հիմնական փորձերը, գաղափարը, խնդիրներն արդեն դրված են եղել: Օրլին Անաստասովը փորձում է շտկել որոշ բաներ, կերպարային հավելումներ անել: «Օպերան համադրական արվեստ է՝ դրամա, կինո, դերասանական վարպետություն, երաժշտություն և այլն: Այդ բոլոր բաղադրիչները համադրելով՝ անհնար է մեկ ամսում ստանալ այն, ինչ ցանկանում ես, հարկավոր է մանրամասն պատրաստվել, ներկայացնել քո մեկնաբանությունը, ոճը, արտահայտչամիջոցները»,-շեշտում է նա:
Անաստասովն առաջին անգամ է բեմադրում «Բոհեմ»-ը, սակայն այդ ներկայացման մեջ որպես երգիչ հանդես է եկել ամենահեղինակավոր թատրոններում հայտնի արտիստների հետ: Բեմադրելն այլ հաճույք է համարում: «Հրաշալի է, որ ժամանակ եմ ունեցել պատրաստվել: Ամեն օր աշխատում ենք ավելին անել»,-եզրափակում է Օրլին Անաստասովը:
Օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանն աշխարհի տարբեր բեմերում ներկայանում է բազմաթիվ դերերգերով: Պուչինիի «Բոհեմ»-ի վերադարձը Երևանի օպերային թատրոնի խաղացանկ մեծ իրադարձություն է համարում: Երգչուհին կատարելու Է Միմիի դերերգը: Դա նրա համար դեբյուտ է:
«Այս օպերային ծանոթացել եմ Մյուզետայի կերպարի միջոցով: Աշխարհի տարբեր բեմերում ընդգրկված եմ եղել ներկայացման մեջ որպես Մյուզետա, բայց երկար տարիներ սրտումս և հոգումս եղել է Միմիի կերպարը, ուղղակի սպասում էի մի քիչ հասուն տարիքի, որ վերջնական պատրաստ լինեմ այս դերին: Այժմ շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հենց իմ հայրենիքում անել այս դեբյուտը, ինչը հուզիչ է: Ուրախ եմ նաև, որ իմ վաղեմի ընկերոջ՝ Լիպարիտ Ավետիսյանի հետ եմ երգելու»,-ասում է սոպրանոն:
Նրա խոսքով՝ Պուչինիի օպերան շատ գեղեցիկ է, հարուստ է: Կարծում է՝ եթե հավատարիմ մնաս լիբրետոյին ու ոչինչ չհավելես, արդեն իսկ մեծ թատրոնի ականատես կլինես: «Պուչինիի բոլոր օպերաներն են այդպիսին: Հենց դրանում էլ մեծ դժվարություն կա՝ հավատարիմ մնալ նրան ու հետևել օրենքներին: Օպերան բարդ է և կատարյալ, իսկ բեմադրությունը շատ գեղեցիկ է, դասական է, շքեղ է: Վստահ եմ, որ հանդիսատեսը մեծ տպավորություն կստանա»,-հավաստիացնում է Հասմիկ Թորոսյանը:
Օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը պարբերաբար հանդես է գալիս համաշխարհային բեմերում, շարունակում նվաճել աշխարհը: Վերադարձը հարազատ թատրոն հուզիչ է համարում: Ասում՝ ոգևորված է, որ գալիս է տուն:
«Այս բեմադրությունը զգացմունքային է, խորը: Այս պատմության մեջ սիրում եմ այն, որ օպերան նկարագրում է պարզ, մաքուր, անկեղծ, անշահախնդիր ընկերությունը, որի մասն է դառնում Միմին, և ծնվում է սերը, որը ողբերգական ավարտ է ունենում: Ըստ իս՝ անշահախնդիր ընկերությունը մեզ շատ պակասում է հիմա»,-ասում է Ավետիսյանը:
Խոսելով Անաստասովի հետ համագործակցության մասին՝ երգիչն ընդգծում է, որ նա տարբերվում է այլ հեղինակավոր ռեժիսորներից նրանով, որ երգիչ է և շատ լավ հասկանում է երգչին, լավ գիտի արտիստների թե՛ շահեկան, թե՛ թույլ կողմերը տեխնիկական տեսանկյունից, ուստի անում է ամեն բան, որ երգիչներն իրենց հնարավորինս հարմար զգան: «Երբեմն հանդիպում ես ֆանտաստիկ ռեժիսորների, որոնք չեն գիտակցում, թե երգիչն ինչպես կարող է ստանալ այն, ինչն իրենք ցանկանում են»,-շեշտում է Լիպարիտ Ավետիսյանը:
Նա ուրախ է, որ «Բոհեմ» օպերան վերադառնում է խաղացանկ, քանի որ այն օպերային արվեստի գանձերից մեկն է համարում:
Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դավիդե Մասիլիան է (Իտալիա), դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրության և զգեստների նկարիչ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյան, ռեժիսորի ասիստենտ՝ Արա Ասատուրյան, լուսային նկարիչ՝ Սամվել Մալերյան, խմբավար՝ Նարինե Ոսկանյան:
Ջակոմո Պուչինիի չորս գործողությամբ օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի փետրվարի 1-ին Թուրինի թագավորական թատրոնում: Դիրիժորն Արտուրո Տոսկանինին է եղել: Օպերային լիբրետոյի հիմքում Անրի Մյուրժեի «Դրվագներ բոհեմի կյանքից» վեպն է: Իտալերեն լիբրետոյի հեղինակներն են Լուիջի Իլիկան և Ջուզեպե Ջակոզան:
Հեղինակ՝ Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի