ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը վերադառնում է. այն այսուհետ կդառնա ամենամյա: Այս տարի «Ֆեստիվառ»-ը կրկին անցկացվելու է 3 քաղաքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության կազմակերպած փառատոնի առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը:
Օգոստոսի 10-ին Իջևանում նախատեսվում է հայ-վրացական համերգային ծրագիր: Իսկ երրորդ համերգը տեղի կունենա օգոստոսի 24-ին Եղեգնաձորում, որտեղ ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փառատոնին նվիրված ասուլիսի ժամանակ ուրախությամբ նշեց, որ նախորդ տարի անցկացված ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել է 50 հազարից ավելի մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Ըստ նրա՝ «Ֆեստիվառ»-ը տուրիստական մեծ աշխուժություն է հաղորդել համայնքներին. հյուրանոցային և հյուրատնային տնտեսություններն այդ օրերին գրանցել են աննախադեպ թվով այցելուներ:
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հանրային հեռուստաընկերության հետ 2023 թվականի ամռանը 3 մարզում անցկացրեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը՝ նպատակ ունենալով զարգացնել տուրիզմը, նպաստել մշակութային կյանքի ապակենտրոնացմանը, հանրահռչակել տեղի արտիստների և համայնքային փոքր տնտեսությունների գործունեությունը: Սա ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է, որպեսզի շարունակենք ծրագիրը, որից ելնելով՝ որոշել ենք այն դարձնել ամենամյա: Քաղաքների ընտրության պարագայում մենք փորձում ենք հնարավորինս ընդլայնել աշխարհագրությունը և ներառել նաև այն քաղաքները, որտեղ զբոսաշրջային շատ մեծ ակտիվություն չկա»,-նշեց Անդրեասյանը:
Նա ընդգծեց՝ կարևորում են, որ երաժշտական փառատոնի անցկացման ժամանակ շեշտը դրվի որակյալ երաժշտություն և ծրագիր ունենալու վրա:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, անդրադառնալով նախորդ տարվա «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի արդյունքներին, նշեց, որ 2023 թվականին Վանաձորում, Գավառում և Սիսիանում կազմակերպված մեծամասշտաբ համերգներին մասնակցել են 2 տասնյակից ավելի արտիստներ և բենդեր:
«Համերգներին նախորդել են տեղական արտադրանքի տոնավաճառներ: 3 քաղաքում 91 տնտեսվարող անվճար հնարավորություն է ստացել ներկայացնել սեփական արտադրանքն ու ծառայությունները, մեկ օրում գրանցել ռեկորդային ծավալի վաճառք: Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ յուրաքանչյուր մարզի համար երեք լեզվով տպագրվել են տեսարժան վայրերի և մարզի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ: Դրանք այս տարի նույնպես լինելու են, որպեսզի մեր հյուրերը կարողանան այդ գրքույկի միջոցով ամբողջությամբ ծանոթանալ թե՛ տեսարժան վայրերին, թե՛ տեղի սրճարաններին և ռեստորաններին և անհրաժեշտ այլ ինֆորմացիայի»,- նշեց Մովսիսյանը:
Նա ընդգծեց՝ շատ կարևոր է, որ այս փառատոնին մասնակցեն ոչ միայն տեղացի բնակիչները, այլ նաև մեր հայրենակիցները Հայաստանի տարբեր հատվածներից և սփյուռքից:
«Մեր փառատոնի հիմնական ուղղություններից մեկը հենց զբոսաշրջությունն է, և այդ օրերին մենք տեղում ունենալու ենք տրանսպորտային միջոցներ, որոնք մեր հյուրերին կուղեկցեն մարզի զբոսաշրջային և տեսարժան վայրեր»,- ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը:
Մովսիսյանի խոսքով՝ շատ արտիստներ իրենք են փառատոնին ելույթ ունենալու ցանկություն հայտնել, քանի որ շատ կարևորում են նախագծի այն ասելիքը, որ նման խոշոր միջոցառումները միայն Երևանում չպետք է անցկացվեն: