Աշխարհ

Հյուսիսկորեացի զինվորները հատել են Հարավային Կորեայի սահմանը, նրանց ուղղությամբ նախազգուշական կրակ են բացել

2 րոպեի ընթերցում

Հյուսիսկորեացի զինվորները հատել են Հարավային Կորեայի սահմանը, նրանց ուղղությամբ նախազգուշական կրակ են բացել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայից մոտ 20 զինվոր կարճ ժամանակով հատել են երկու Կորեաների սահմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հունիսի 11-ին հայտնել է, որ մի խումբ հյուսիսկորեացի զինվորներ հունիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես 12:30-ին հատել են սահմանազատման գիծը սահմանի կենտրոնական հատվածում`երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում։

Բարձրախոսով նախազգուշացումից և նախազգուշական կրակոցներից հետո հյուսիսկորեացի զինվորները վերադարձել են սահմանի իրենց կողմը։

Ըստ կոմիտեի խոսնակի՝ Հարավային Կորեան համարում է, որ զինվորները, որոնք ինչ-որ աշխատանքներ էին կատարում ապառազմականացված գոտում, միտումնավոր չեն հատել սահմանը։ Խոսնակը հավելել է, որ սահմանազատման գծում այժմ խիտ բուսականություն է աճում, և նշանները լավ չեն երևում։

Վերջին օրերին երկու Կորեաների միջև լարվածությունը սրվել է․ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկների ուղարկման՝ Հյուսիսային Կորեան աղբով լի փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա։ Սրան ի պատասխան՝ Հարավային Կորեան վերսկսել է սահմանին բարձրախոսով քարոզչական բնույթի հեռարձակումները վեց տարվա ընթացքում առաջին անգամ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում