Երևանի կենդանաբանական այգին բարեկարգվում է. այն ունի նոր բնակիչներ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում առաջիկայում կիրականացվեն թարմացման, վերակառուցման, կոմունիկացիաների ընդլայնման և նոր կենդանիների ձեռքբերման մեծածավալ աշխատանքներ: Ծրագիրը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան և կառավարություն ու արժանացել հավանության:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու գիտության գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նշեց՝ առաջիկայում նախատեսում են ընդլայնել ազատավանդակների թիվը, ենթակառուցվածքները, այցելուների համար նախատեսված հանգստյան գոտիները՝ զբոսնելու և պիկնիկներ կազմակերպելու համար: Ըստ նրա՝ սա արվում է, որպեսզի այցելուները այգի գալուց չսահմանափակվեն մեկ շրջայցով՝ համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով:
«Այգու զարգացման կարճաժամկետ ծրագիրը սկսվել է 2023 թվականի վերջից և այժմ շարունակվում է: Արդեն իրականացվել և ներկայում էլ շարունակվում է մի քանի ճաղավանդակների կառուցումը։ Դրանց մի մասի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, մյուս մասինն՝ ավարտման փուլում»,- նշեց Ասլանյանը:
Նա նշեց՝ իրականացվել է կենդանաբանական այգու նոր հոսանքային համակարգի արդիականացումը, որը խորհրդային տարիներից հետո չէր փոխարինվել:
«Զարգացման ծրագրով արդեն մեկնարկել է մեկ երկար ճեմուղու կառուցումը, ևս երկուսի կառուցումը նախատեսվում է առաջիկայում: Դա հնարավորություն կտա օգտագործել այգու տարածքի ավելի մեծ մասը»,- ասաց կենդանաբանական այգու գիտության գծով փոխտնօրենը:
Նա ուրախությամբ նշեց, որ այգին ունի նոր բնակիչներ․ նոր կենդանիներից մեծ մասը Երևանի կենդանաբանական այգում երբևէ չեն եղել: Նրանց մեծ մասն առայժմ ցուցադրված չեն, մի մասը գտնվում է կարանտինային փուլում, իսկ մյուս մասն էլ սպասում է համապատասխան ազատավանդակի պատրաստ լինելուն:
Նրա խոսքով՝ Երևանի կենդանաբանական այգու համար առաջնային պլաններից է փղի նոր ազատավանդակի կառուցումը, որն առաջիկայում իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:
Անդրադառնալով կենդանիների խնամքին՝ այգու կենդանաբույժ Նունե Դարբինյանը նշեց, որ յուրաքանչյուր կենդանի իր առանձնահատկությունն ունի և պահանջում է յուրահատուկ խնամք: Այդ իսկ պատճառով կենդանիների խնամքով զբաղվող յուրաքանչյուր աշխատակից անցնում է հատուկ վերապատրաստում և փորձաշրջան:
Կենդանաբանական այգին առաջիկայում կունենա նոր ու ժամանակակից լուծումներով բրենդավորում և լոգոտիպ:
Հեղ. Գայանե Գաբոյան
Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան
Օպերատորներ՝ Հովհաննես Մկրտչյան