Մշակույթ

«Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ

2 րոպեի ընթերցում

«Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է:

Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա) 150 ֆիլմ: Յուրաքանչյուր անվանակարգում կցուցադրվի՝

«Մէկ կադր՝ մէկ րոպե» - 112 ֆիլմ, որից 100-ը՝ Հայաստանից,

«Կարճ ֆիլմեր» - 27 ֆիլմ, որից 6-ը՝ Հայաստանից,

«Կինո առանց սահմանի» - 11 ֆիլմ, որից 3-ը՝ Հայաստանից:

«Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակ-մրցույթում կներկայացվի 3 հայկական նախագիծ:

Փառատոնի հատուկ ծրագրերում արտամրցութային կարգով կցուցադրվեն գործընկեր կազմակերպությունների, անկախ կինոարտադրողների ֆիլմեր, տեղի կունենան քննարկումներ, վարպետության դասեր, հրավիրյալ արվեստագետների և հայկական կինոդաշտի ղեկավարների հետ հանդիպումներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։

Փառատոնի ծրագիրն ու բոլոր մանրամասները հրապարակված են openplatform.am կայքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում