Հասարակական

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակում և Սևանում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակում և Սևանում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների  հետ

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի և Սևանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են Ճամբարակի ու Սևանի համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցները, ՀՀ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տնօրենները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։

444991039_863657169128317_8607978506142192247_n.jpg (330 KB)

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը Ճամբարակում ու Սևանում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները՝ շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան առաջիկա մի քանի տարիների ընթացքում լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով։

Ծրագիրը կիրականանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։

Երրորդ գոտում, որտեղ ընդգրկված է մարզի 39 բնակավայր, բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետությունից աջակցություն կստանա 5 մլն դրամի չափով։ Ճամբարակ համայնքում երրորդ գոտում ընդգրկված են բոլոր բնակավայրերը՝ բացառությամբ Շողակաթ ու Դրախտիկ բնակավայրերի, որոնք ընդգրկված են երկրորդ գոտում։ Այստեղ բնակարան կառուցել կամ ձեռք բերել ցանկացողներին պետական աջակցություն կտրամադրվի 4 մլն դրամի չափով։

Սևան համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են առաջին գոտում, արցախցի ընտանիքի յուրաքանչյուր շնչի հաշվով բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով կտրամադրվի 3 մլն դրամ։

Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։

Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 մլն դրամ, օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ և հիփոթեքային վարկավորում։

Ծրագրի շուրջ պարզաբանումներ են տվել նաև ՀՀ միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի տնօրեն Կարեն Ենգոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը։

«Ծրագրի մեկնարկը կտրվի 2024 թվականի հունիսի 15-ից։ Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա, ու մենք սահմանված ժամկետներում, ավարտելով ծրագրի առաջին փուլը, արդեն կձեռնարկենք երկրորդ փուլի իրականացումը»,-հանդիպման ավարտին նշել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում