Հասարակական

Մեծ Մասրիկի բնակիչ Արմեն Մանուկյանի ընտանիքում ծնվել է իններորդ երեխան

2 րոպեի ընթերցում

Մեծ Մասրիկի բնակիչ Արմեն Մանուկյանի ընտանիքում ծնվել է իններորդ երեխան

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչներ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի բժշկական կենտրոնից, նորածինը տղա է, նրան անվանակոչել են Արեն։

Մանուկյանների ընտանիքն արդեն ունի 3 տղա և 6 դուստր։

Արմեն Մանուկյանն ու Աննա Շաբոյանը ամուսնացել են 2000-ական թվականների սկզբին, Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղում, ապա բնակության տեղափոխվել Արցախի Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ գյուղ։ Այնտեղ նրանք ունեցել են ութ երեխա։ Արենն արդեն լույս աշխարհ է եկել Մեծ Մասրիկում։

«Մանուկյանների ընտանիքի երկու դուստրերը՝ Լուսինեն և Գյուլնարան, ովքեր ամուսնացել են, մեկական երեխա են լույս աշխարհ բերել։ Այլ խոսքով, Արմենն ու Աննան ոչ միայն նորածնի ծնողներ են, այլ նաև նորածինների տատ ու պապ։ Արմենն իր հերթին հայտարարել է, թե յուրաքանչյուր ամուսնացած ու իր տնից գնացած աղջկա դիմաց ինքն ու Աննան պիտի համապատասխան համալրում անեն։ Ու Արենի ծնունդն այդ խոստման արդյունքն է»,-պատմեց մեծ Մասրիկ Գյուղի բնակիչ Իրինա Գասպարյանը։

Մանուկյանների ընտանիքը տեղահանվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ու բնակության տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ բնակարան, տնամերձ հողամաս է ստացել ԱՄՆ Փարոս հիմնադրամի միջոցներով ու օժանդակությամբ։ Ընտանիքին տրամադրվել է նաև կենցաղային տեխնիկա և ոչխարներ՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով։

Արմեն Մանուկյանն այժմ աշխատում է Մեծ Մասրիկի արևային ֆոտովոլտային կայանի շինարարությունում, իսկ Աննա Շաբոյանը զբաղվում է տնային տնտեսությամբ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում