Մշակույթ

Կգնահատվեն և՛ տեխնիկան, և՛ արտիստիզմը. Արամ Խաչատրյանի անվան մրցույթը կհամախմբի ջութակահարների տասներեք երկրից

8 րոպեի ընթերցում

Կգնահատվեն և՛ տեխնիկան, և՛ արտիստիզմը. Արամ Խաչատրյանի անվան մրցույթը կհամախմբի ջութակահարների տասներեք երկրից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն ավանդույթի համաձայն մեկնարկեց մեծն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում հյուրընկալել է քսան ջութակահարի աշխարհի ավելի քան տասը երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթն անցկացվում է 20-րդ անգամ և միտված է տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ու Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակմանը։ Այս տարիներին խաչատրյանական մրցույթի շնորհիվ երաժշտական աշխարհին ճանաչելի են դարձել բազմաթիվ երաժիշտներ‚ որոնք գրավել են լավագույն բեմերն ու հանդես են գալիս ամենահեղինակավոր նվագախմբերի հետ։

Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասաց՝ մրցույթին մասնակցում են ջութակահարներ ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Չինաստանից, ՌԴ-ից, Նորվեգիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, Պորտուգալիայից։ «Մասնակիցներն արդեն իրենց նվագացանկում ընդգրկել են Խաչատրյանի ստեղծագործություններն ու աշխարհի տարբեր բեմերում մրցույթից հետո նաև հանդես են գալու իրենց կատարումներով»,-նշեց Թովմասյանը:

GEV_2425.JPG (541 KB)

Ըստ նրա՝ նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներն ավելի քաջածանոթ են Խաչատրյանի գործերին, սակայն վերջին տարիներին մրցույթին շատ են մասնակցում երաժիշտներ եվրոպական երկրներից: Թովմասյանը մեծ ուրախություն համարեց այն, որ ասիական երկրներից են ամեն տարի մասնակիցներ ունենում՝ Ճապոնիայից, Չինաստանից, Կորեայից:

Երաժշտական ստուգատեսը տեղի կունենա 3 փուլով։ Առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-8-ին‚ երկրորդ փուլը՝ հունիսի 9-10-ին‚ երրորդ փուլը՝ հունիսի 11-12-ին։ Հունիսի 13-ին կայանալիք գալահամերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները‚ և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։ Առաջին մրցանակակիրը կստանա տասը հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամական պարգև‚ 2-րդ տեղը զբաղեցնողը կպարգևատրվի 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ իսկ 3-րդ մրցանակակիրը կարժանանա 3 հազար դոլար մրցանակի։ Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ։

Մրցույթի ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մասնակիցները սովորում և իրենց նվագացանկում ընդգրկում են հայ մեծ կոմպոզիտորի գործերը։ Երրորդ փուլում մասնակիցները ժյուրիի առջև հանդես կգան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը շնորհավորեց բոլորին Խաչատրյանի ծննդյան կապակցությամբ: «Մրցույթը տարեցտարի ավելի բարձրակարգ է դառնում, մասնակիցների թիվն ավելանում է, տեսնում ենք, որ հետաքրքրություն կա դասական երաժշտության հանդեպ: Մեզ համար կարևոր է այն, որ աշխարհում ութ հազարից ավելի երաժիշտ կատարում է Խաչատրյանի ստեղծագործությունները, ինչը մեծ հաջողություն է. եթե Խաչատրյանը հանճարեղ չլիներ, այդպես չէր լինի: Մրցույթն այս գործում մեծ դեր է կատարում, քանի որ մասնակիցները երրորդ փուլում պարտադիր Խաչատրյան են նվագում»,-ընդգծեց Սմբատյանն ու հավելեց՝ մրցույթը հաջողություններ է գրանցում, քանի որ ներկայացնում է բարձր արվեստը:

GEV_2445.JPG (408 KB)

Նրա խոսքով՝ կյանքն անընդհատ փոխվում է, իսկ մշակույթը, արվեստը միշտ փարոս են դառնում, ուղղություն տալիս:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ քաղաքապետարանը միշտ է աջակցել մրցույթին, բայց հոբելյանական տարում նաև ֆինանսապես է օգնել: «Մրցույթը Երևան քաղաքի կարևոր միջոցառումներից է, մշակութային իրողություն, որ հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներին, որոնք ոգեշնչվում են Խաչատրյանի երաժշտությամբ, այցելել Երևան, ծանոթանալ Հայաստանին: Ըստ իս՝ նրանք Հայաստանի ջերմությունն են կարող տանել իրենց երկրներ»,-ասաց Հովհաննիսյանը:

GEV_2507.JPG (491 KB)

Երևանի քաղաքապետի տեղակալը հիշեցրեց՝ մշակույթի զարգացման ուղղությամբ մեծ ծրագրեր են իրականացնում. Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կյանքի են կոչում «Սիմֆոնիկ Երևան» նախագիծը, Խաչատրյանի անվան փառատոնը, իսկ 2024-ին իրենց աջակցությամբ նվագախումբը թողարկելու է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից բաղկացած ալբոմներ:

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանի խոսքով՝ և՛ Խաչատրյանի անվան մրցույթի, և՛ փառատոնի ստեղծման գործում նախարարության առաջնահերթությունը Խաչատրյանի ստեղծագործությունները հանրահռչակելն ու ճանաչելի դարձնելն է ամբողջ աշխարհում: «Հաշվի առնելով, թե քանի երաժիշտ է մասնակցում մրցույթին և քանի երաժիշտ է Խաչատրյան կատարում՝ կարող ենք ասել, որ նախարարության առջև դրված խնդիրը լուծվել է: Մեր նպատակը նաև առհասարակ հայ դասական երաժշտության տարածումն է աշխարհում: Այդ տեսանկյունից նմանատիպ դասական երաժշտական մրցույթների իրականացումն ու շարունակականությունը շատ կարևոր են»,-ասաց Սահակյանը:

GEV_2443.JPG (438 KB)

Մրցույթի ժյուրին գլխավորում է մեծահամբավ ջութակահար‚ մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են մեծ ճանաչում վայելող երաժիշտներ՝ Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և այլք։

Թադևոսյանը‚ դիմելով մասնակիցներին, նրանց հորդորեց չմտածել մրցակցության մասին, այլ գերագույն հաճույք ստանալ իրենց կատարումից. այդ դեպքում կարող են հաղթել: «Ինձ համար նախևառաջ կարևոր է երաժշտությունը, երբ երաժիշտն ուղերձ ունի, ասելիք: Ցանկանում եմ արտիստի տեսնել, ոչ թե տեխնիկապես փայլուն կատարողի: Հաճախ եմ մրցույթների ընթացքում տեխնիկապես լավ կատարումներ լսում, բայց ոչինչ չեն ասում: Դա չի նշանակում, որ պետք է մոռանալ լավ նվագելու մասին, բայց արտիստիզմն ինձ համար առաջնային է»,-շեշտեց Թադևոսյանը:

GEV_2519.JPG (559 KB)

Ասուլիսից հետո տեղի ունեցավ վիճակահանություն, որի միջոցով որոշվեց մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հերթականությունը։ Նույն օրը ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման գալահամերգը։ Հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, Խաչատրյանի անվան 16-րդ մրցույթի հաղթող Դիանա Ադամյանը, Բելլա Ամարյանը:

GEV_2526.JPG (694 KB)

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ջանքերով կազմակերպված մրցույթն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում