Մշակույթ

«Հուսո առագաստ 2024» հեղինակային երգի միջազգային փառատոնը 9-րդ անգամ համախմբում է հեղինակային երգի ներկայացուցիչներին և ժանրի սիրահարներին

2 րոպեի ընթերցում

«Հուսո առագաստ 2024» հեղինակային երգի միջազգային  փառատոնը 9-րդ անգամ համախմբում է հեղինակային երգի ներկայացուցիչներին և ժանրի սիրահարներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և Բարդերի ակումբը մեկնարկել են «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 9-րդ փառատոնը: Այս անգամ ևս փառատոնը կընթանա 3 փուլով՝ նախընտրական, ընտրական և սևանյան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախընտրական փուլի հայտերն ընդունվում են մինչև հունիսի 20-ը։ Դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարող անձինք։ Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն ընտրական փուլին, որը կկայանա հունիսի 28-ին «Մետրո» թատրոնում։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Մասնակիցների կացության և սննդի ծախսերը կապահովվեն փառատոնի կողմից։

Փառատոնի սևանյան փուլը կներառի երկու համերգային օր և տեղի կունենա ս.թ. հուլիսի 19-21-ը՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում։ Համերգներին կմասնակցեն ընտրական փուլի արդյունքում ձևավորված 2024 թվականի, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, արտերկրից ժամանած հյուրերը և ավագ սերնդի արդեն հայտնի ու սիրված երգահանները։

Հուլիսի 20-ի գալա համերգային ծրագիրը կամփոփվի հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և նպատակն է հայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը, տրամադրել բեմ, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ հեղինակային երգի սիրահարների ու երգահանների միջև շփման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում