Մշակույթ

Խարբերդի մանկատան «Ճախրուկներ» երգչախումբը հյուրընկալվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքարի դպրոցականներին

2 րոպեի ընթերցում

Խարբերդի մանկատան «Ճախրուկներ» երգչախումբը հյուրընկալվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքարի դպրոցականներին

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խարբերդի մանկատան «Ճախրուկներ» էթնո երգչախումբը, Մխիթարյան քույրերի ղեկավարությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում հյուրընկալվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ հանդես գալով համատեղ համերգով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, միջոցառումը կրել է «Համընդհանուր ներառումը որպես հանրակրթության արդի մարտահրավեր» խորագիրը, որին «Ճախրուկներ» էթնո երգչախմբի հետ մասնակցել են նաև Զոլաքար գյուղի պարային համույթը և Գավառի «Արևներ» պարային խումբը (տնօրեն` Ա.Հունանյան, պարուսույց` Ա.Ներսիսյան)։ Միջոցառմանն իրենց մասնակցությունն ու ներդրումն են ունեցել նաև տաղանդավոր երաժիշտներ Անահիտ Արտուշյանը, Վահագն Հայրապետյանը և Արտո Թունջբոյաջյանը: Համերգից հետո փոքրիկների համար կազմակերպվել է նաև հյուրասիրություն: Միջոցառմանը մասնակցել են Զոլաքար գյուղի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, ՏՄԱԿ-ի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ուսուցիչներ և աշակերտներ:

«Օրը հագեցած էր խինդով, գեղեցիկ ելույթներով, բարեհամբույր վերաբերմունքով ու արևավառ ժպիտներով:

Լեփ-լեցուն դահլիճը ժամեր շարունակ հիացած վայելում էր տաղանդավոր փոքրիկների յուրօրինակ ելույթները:Փոքրիկ արվեստագետները շողում էին։ Այս համերգով մեր գյուղի երեխաների ու «Ճախրուկներ»-ի մտերմության սկիզբը դրվեց»,-նշեց Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Մելիքյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում