Մշակույթ

Պարգևատրվել են «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն ու մանկավարժները

4 րոպեի ընթերցում

Պարգևատրվել են «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն ու մանկավարժները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին անցկացրել է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կայացել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

«Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել է Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների շուրջ 500 շնորհալի երեխա:

1-ին փուլը հաղթահարած 160 մասնակիցներին կազմակերպիչները տրամադրել են անհրաժեշտ բոլոր նկարչական նյութերը:

Մրցույթ-ցուցահանդեսի հանձնաժողովի անդամներն էին ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Մատուլյանը, նկարիչ Լիլիթ Սողոմոնյանը, քանդակագործ, գեղանկարիչ Արման Համբարձումյանը, մանկական միջոցառումների կազմակերպիչ, «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի անդամ Նանա Մարտիրոսյանը:

Մրցույթ-ցուցահանդեսի 1-ին մրցանակին արժանացել է Մարիա Հովհաննիսյանը (8 տարեկան, Վաղարշապատի համայնքապետարանի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սան, մանկավարժ՝ Մարիամ Պապոյան), 2-րդ մրցանակին՝ Հասմիկ Նալբանդյանը (9 տարեկան, «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Ռիտա Սարգսյան), 3-րդ մրցանակին՝ Սարգիս Հովհաննիսյանը (9 տարեկան, «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Ալինա Ստեփանյան)։

Հաղթող մասնակիցների ուսումնական հաստատությունները և մանկավարժները նույնպես արժանացել են մրցանակների և դիպլոմների «Լավագույն մանկավարժ», «Լավագույն ուսումնական հաստատություն» անվանակարգերում։

Սահմանվել էին նաև հատուկ մրցանակներ մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցների համար. հատուկ մրցանակների և դիպլոմների են արժանացել Էմիլի Խաչատրյանը (9 տարեկան, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Էմմա Գալստյան), Սյուզաննա Պողոսյանը (9 տարեկան, Մասիս քաղաքի «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Լուսյա Դելի-Սարգսյան)։

Ժյուրիի համակրանքի մրցանակների և դիպլոմների են արժանացել Արիանա Հարությունյանը (9 տարեկան, Մասիս քաղաքի «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան, մանկավարժ՝ Լուսյա Դելի-Սարգսյան), Մարի Պապայանը (11 տարեկան, Երևանի Զաքարյան արվեստի կենտրոնի սան, մանկավարժ՝ Վարդան Զաքարյան), Արինա Մկրտչյանը (8 տարեկան, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի սան, մանկավարժ՝ Լիլիթ Ղազարյան)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մրցույթ-ցուցահանդեսը միտված էր մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև հետագայում միջազգային հեղինակավոր հարթակներում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը։

Ըստ աղբյուրի՝ «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է խաղաղության աշխարհում, պատերազմի և բռնության բացառմանը: Այն իրականացվել է առաջին անգամ և կշարունակվի գալիք տարիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում