Քաղաքականություն

Երբ եկեղեցու ղեկավարությունն առաջնորդում է քաղաքական գործընթաց, իշխանությունը նրանց հետ քաղաքական գործիքներով է հարաբերվում. Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Երբ եկեղեցու ղեկավարությունն առաջնորդում է քաղաքական գործընթաց, իշխանությունը նրանց հետ քաղաքական գործիքներով է հարաբերվում. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության կողմից քաղաքական գործընթացների ղեկավարման պայմաններում իշխող քաղաքական ուժն ու կառավարությունը համապատասխան քաղաքական գործիքներով են հարաբերվում տվյալ կառույցի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ–ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք 2023-ին նախատեսված եղե՞լ են եկեղեցուն աջակցության ծրագրեր, հարցրեց եկեղեցու հնարավոր հարկումից:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2018 թվականից հետո վարչապետի առաջարկով պետք է կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև քննարկումներ լինեին, որի արդյունքում պետք է լուծվեին որոշ հարցեր, այդ թվում՝ հարկային դաշտի, աջակցության հետ կապված: «Բայց, ցավոք սրտի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համապատասխան պահվածքի հետևանքով այդ երկխոսությունը չստացվեց»,–ասաց Հարությունյանը:

Նա, սակայն, չբացառեց ապագայում նման հնարավորությունը:

«Պարզապես, երբ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանությունը՝ տվյալ պահին իշխանության գտնվող քաղաքական ուժն ու կառավարությունը, համապատասխան քաղաքական գործիքներով են հարաբերվում տվյալ կառույցի հետ»,–ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Անդրադառնալով պատգամավորի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք խոչընդոտելու միջադեպի վերաբերյալ հարցին՝ Հարությունյանը պատասխանեց. «Երբ մի կառույցի ղեկավար, տվյալ դեպքում՝ կաթողիկոսը ստանձնում է քաղաքական շարժման առաջնորդություն, և այդ շարժման ներկայացուցիչները թե՛ տվյալ օրը, թե՛ դրան նախորդող օրերին դրսևորում են հասարակական կարգը խախտելու, ոստիկանության և տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու քայլեր, մայիսի 28-ի միջոցառման անվտանգությունն ապահովող մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեին՝ պարզելու համար, թե արդյոք տվյալ տարածք վեղարով եկած խումբը չի պատրաստվում իրենց մյուս գործընկերների նման սադրել տվյալ միջոցառումը: Եվ, երբ պարզվել է, որ նրանք ընդամենը 2–3 րոպեով պետք է բարձրանան և հեռանան տարածքից, նրանց թույլատրվել է անցնել Սարդարապատի հուշահամալիրի տարածք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում