Հասարակական

ԿԳՄՍ նախարարությունը և «Իզմիրլյան» հիմնադրամը համատեղ կստեղծեն հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ ոչ հայախոսների համար

5 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը և «Իզմիրլյան» հիմնադրամը համատեղ կստեղծեն  հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ ոչ հայախոսների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր նախաձեռնություն ոչ հայախոսների համար. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի իրականացման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Իզմիրլյան» հիմնադրամը ստորագրեցին հուշագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:

Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր ստորագրեցին նաև ՀՀ լեզվի կոմիտեն, ԵՊՀ-ն և «Իզմիրլյան» հիմնադրամը:

MXO_5095.JPG (775 KB)

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով նման նախագծի իրականացումը, նշեց, որ նախաձեռնության նպատակը հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգի ստեղծումն է ոչ հայախոսների համար:

Նա ընդգծեց, որ, հիմք ընդունելով եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակի (Common European Framework of Reference for Languages) վերջին թարմացումը և նույն շրջանակի «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում» հայերեն տարբերակը, նախատեսում են ստեղծել հայերենի առանձնահատկություններից բխող ուսուցման, գնահատման և ստուգման վեցաստիճան (համապատասխանաբար` Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2)) համակարգ և մշակել այն գործադրելու իրավական մեխանիզմներ։

«Համակարգը կգործի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այն հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը հավաստող վկայական»,- նշեց Մարտիրոսյանը:

MXO_5073.JPG (948 KB)

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով բոլոր կողմերին նախագծի մեկնարկի կապակցությամբ, ընդգծեց՝ չնայած նրան, որ շատ կարևորվում է հայերենի զարգացումը և տարածումը, ցավոք, Հայաստանում այս պահին դեռևս տարրական գործիքակազմերի խնդիր կա:

«Ցավոք, այս պահին այն անձանց համար, որոնք գալիս են Հայաստան և հայերենի իմացությունը ստուգելու կարիք ունեն, դեռևս չունենք միջազգային առումով ճանաչելի ստանդարտ ընթացակարգ: Սա նաև կարևոր նշանակություն ունի օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների ներգրավման գործընթացում»,- նշեց նախարարը:

MXO_5119.JPG (665 KB)

«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանն ասաց՝ հիմնադրամի համար կրթությունը և նման ծրագրերին աջակցելը ռազմավարական նշանակություն ունի:

«Նախարարության հետ համագործակցությունը երկար տարիների կյանք ունի, իսկ այս ծրագիրը ապացույցն է մեր համագործակցության ընդլայնման, որի համար մենք շատ ուրախ ենք»,- նշեց նա:

ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ համակարգը մշակվելուց հետո այն պետք է ինտեգրվի Եվրոպական ընդհանուր շրջանակին և համապատասխանի ստանդարտներին:

«Ծրագրով մինչև 2024 թվականի վերջ կմշակվեն միջազգային և եվրոպական ստանդարտներին համապատասխանող չափորոշիչներ: 2025 թվականի առաջին կեսին կիրականացվեն առաջադրանքների կազմումը և հարթակի ստեղծումը: Այս երկու փուլերն էլ փորձնական են, որոնք գործարկելի չեն, դրանից հետո կիրականացնենք ընդհանուր համակարգի փորձարկումը, որը մեզ թույլ կտա համապատասխան մասնագետների օգնությամբ վեր հանել խնդիրները և վերացնել դրանք: Այս և մի շարք քայլերից հետո կանցնենք փորձարկման երկրորդ փուլին, որից հետո կտրվեն սերտիֆիկատներ, բայց կտրվեն միայն փորձնական պայմանով, որպեսզի հասկանանք, թե ծրագիրը ինչպես է մեծ լսարանների հետ աշխատում և ինչ արդյունքներ է տալիս»,- նշեց Դվոյանը:

Ծրագիրն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Լեզվի կոմիտեն` «Իզմիրլյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում