Հասարակական

ՄԻՀԿ-ը մեկնարկեց մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների երեկոյան դպրոցի 3-րդ շրջափուլը՝ ՀՖՀՀ-ի հետ համագործակցությամբ

6 րոպեի ընթերցում

ՄԻՀԿ-ը մեկնարկեց մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների երեկոյան դպրոցի 3-րդ շրջափուլը՝ ՀՖՀՀ-ի հետ համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ)` «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի (ՀՖՀՀ) հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ մեկնարկեց «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ֆրանսիական համալսարանից,ՄԻՀԿ-ի «Երեկոյան դպրոց» նախաձեռնությունը միտված է կամրջել իրավապաշտպան և ակադեմիական համայնքները։ Երեկոյան դպրոցի յուրաքանչյուր շրջափուլ իրականացվում է ՄԻՀԿ֊ի ակադեմիական գործընկերների հետ համագործակցությամբ։

Մայիսի 29-ին Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ Երեկոյան դպրոցի երրորդ շրջափուլի բացման արարողությունը։ Բացմանը ներկա էին ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, ՀՖՀՀ-ի ռեկտոր Սալվա Նակուզին և իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը։

IMG_2783.JPG (258 KB)

Անահիտ Սիմոնյանը, ողջունելով Երեկոյան դպրոցի երրորդ շրջափուլի մասնակիցներին, իր խոսքում նշեց, որ Երեկոյան դպրոցը ստեղծում է միջավայր, որը զարգացնում է հետազոտահենք մտածելակերպը և խրախուսում մարդու իրավունքների խնդիրների գիտական ուսումնասիրությունը։ Երեկոյան դպրոցի շրջանակներում տրամադրվող համակողմանի բովանդակության հիմքով է միջոլորտային մոտեցումը և դպրոցի ունկնդիրները հանդիսանում են տարբեր գիտական և մասնագիտական ուղղությունների ներկայացուցիչներ։ «Մեր կողմից Երեկոյան դպրոցը նախաձեռնելու հիմնական նպատակն էր մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի արդիականացումը ակադեմիական միջավայրում։ Այս առումով մենք արժևորում ենք Երեկոյան դպրոցի տեսլականն ու արժեքները կիսող ակադեմիական հաստատությունների հետ համագործակցությունը և շատ ուրախ ենք, որ Երեկոյան դպրոցի հերթական շրջափուլը տեղի է ունենալու ՀՖՖՀ-ում», - նշեց նա։

Սալվա Նակուզին կարևորեց մեր օրերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների հետ կապված մարտահրավերներին պատրաստ լինելը։ «ՄԻՀԿ-ի և ՀՖՀՀ-ի կողմից համատեղ նախագծված այս երեկոյան դպրոցի նպատակն ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է և այս ոլորտում լուրջ հետազոտություններ իրականացնելու և տարբեր պաշտպանական մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը։ Միասին մենք ձգտում ենք կրթել բանիմաց առաջնորդների նոր սերունդ, որը կարող է պաշտպանել մարդկության հիմնարար արժեքները և կերտել ապագա, որտեղ բոլորի իրավունքները հարգված և պաշտպանված կլինեն»,- նշեց նա իր ողջույնի խոսքում։

IMG_0195.jpg (2.05 MB)

Կարին Յովսէփեանը հույս հայտնեց, որ համալսարանի և հետազոտությունների կենտրոնի միջև համագործակցությունը կշարունակվի և կզարգանա՝ հաշվի առնելով իրավաբանների հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտությունները հզորացնելուն ուղղված երկուսի նպատակները։

Բացման միջոցառումը Երեկոյան դպրոցի ունկնդիրների առաջին հանդիպումն էր։ Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ, ոչ պաշտոնական միջավայրում հաղորդակցվելու և քննարկումներ ունենալու։

IMG_2870.JPG (254 KB)

Երեկոյան դպրոցն ընթանալու է մայիսի 29-ից հունիսի 21-ը։

Դասընթացներն իրականացվելու են հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

  • Հետազոտությունների իրականացում և հետազոտահենք իրավապաշտպան գործունեություն։
  • Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային գործիքների ուսումնասիրում։
  • Մարդու իրավունքների պաշտպանության մասնավոր համատեքստերի ուսումնասիրում։

Երեկոյան դպրոցում դասավանդում են մարդու իրավունքների ոլորտի առաջատար մասնագետներ՝ հետազոտողներ, իրավաբաններ և իրավապաշտպաններ։

«Երեկոյան դպրոցը» Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի շարունակական նախաձեռնությունն է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների ոլորտում հետազոտական հենքի զարգացումը՝ խորքային վերլուծությունների և փաստահենք ջատագովության իրականացման միջոցով։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 2100 ուսանող և շուրջ 2900 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2022թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 1%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում