Հասարակական

Ֆրանսիացի մասնագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների աշխատողների հետ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի մասնագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների աշխատողների հետ

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն և բժիշկ Պիեռ Շիլինգերը հերթական ծրագրով Գեղարքունիքի մարզում են։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ծրագրի ներկայացուցիչները մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ 5-օրյա ինտենսիվ դասընթացներ են անցկացնում մարզի բուժաշխատողների համար։

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի ներկայացուցիչ, վերապատրաստող և շտապօգնության բժիշկ Պիեռ Շիլինգերը առաջին հանդիպումն անցկացրել է Գավառ համայնքի տարբեր բուժհիմնարկների ընտանեկան բժիշկների և բուժքույրերի հետ։ Վերապատրաստման թեման էր «Ինչպես իրականացնել առաջին բուժօգնությունը, որպեսզի այն լինի ավելի արագ և արդյունավետ»։

Վերապատրաստումն ընթացել է ակտիվ քննարկումների, պարզաբանումների մթնոլորտում, դասընթացավարի կողմից օգտագործվող դիդակտիկ պարագաների, գործիքների և նյութերի օգտագործմամբ։

Թեման ամփոփվել է մասնագիտական ցուցադրական գործողությունների միջոցով։

Վերապատրաստման դասընթացները կտևեն մինչև հունիսի 1-ը, կմասնակցեն Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի առողջապահական հաստատությունների բուժաշխատողները։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում