ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012 թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով:
«Հետևաբար, ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Անի Բադալյանը։
Նախարարությունից հիշեցնում են, որ համաձայն նշյալ համաձայնագրի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, իսկ եթե վիզայի տրամադրումն իրականացվում է արտաքին ծառայություն մատուցողի հետ (վիզա կենտրոններ), ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն։