Երևանում հանդիսավորությամբ նշվեց Արգենտինայի ազգային տոնը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հանդիսավորությամբ նշվեց Արգենտինայի ազգային տոնը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, մշակութային գործիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում եղել են ջերմ և բարեկամական։ Նա հատուկ ընդգծեց, որ Լատինական Ամերիկայում Արգենտինայի հայ համայնքը ամենամեծն է ՝ մոտավորապես 120,000 մարդ։ Հայ գաղթականների առաջին ալիքը Արգենտինա է ժամանել դեռ 1892 թվականին։

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հազարավոր հայ գաղթականներ ապաստան գտան Արգենտինայում, որոնցից շատերը վերապրել էին Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչվել է իմ երկրի կառավարության կողմից: 1920 թվականին Արգենտինան ճանաչեց Հայաստանի անկախությունը և երկու ժողովուրդների միջև հաստատվեցին դիվանագիտական ​​հարաբերություններ։ 1991 թվականի Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը վերականգնեց իր անկախությունը և 1992 թվականի հունվարի 17-ին Արգենտինան և Հայաստանը պաշտոնապես վերականգնեցին դիվանագիտական ​​հարաբերությունները, որից հետո երկու երկրների նախագահներն, արտաքին գործերի նախարարներն և այլ պաշտոնատար անձինք իրականացրել են պաշտոնական այցեր՝ ամրապնդելով երկկողմ կապերը, որոնց թվում արժե առանձնացնել 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի նախագահի մասնակցությունը նախագահ Խավիեր Միլեի երդմնակալությանը և սույն թվականի մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Բուենոս Այրես»,- նշեց դեսպանը։

Նա հավելեց, որ անցյալ տարի, մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների ավելի քան երեսուն տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան այցելեց Արգենտինայի Ազգային Կոնգրեսի երկու պալատների Հայաստանի հետ բարեկամական խորհրդարանական խմբերի անդամներից բաղկացած պատվիրակությունը։

«Այս երեք տասնամյակների ընթացքում Արգենտինան և Հայաստանը զարգացրել են ամուր և արդյունավետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ համագործակցության և հարգանքի վրա։ 1992 թվականից ի վեր Արգենտինան և Հայաստանը ստորագրել են բազմաթիվ համաձայնագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հիմնական համագործակցությունը, ներդրումները, առևտուրը, գիտությունը և տեխնոլոգիաները, մշակույթը, կրթությունը, զբոսաշրջությունը և այլն:Թեև դրանք բոլորն էլ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեն, սակայն առանձնացվում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության և սովորական անձնագրեր ունեցողների համար վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրերը»,- ասաց դիվանագետը։

Դեսպանը հիշեցրեց, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա գլխավոր ներդրող երկրների շարքում է, ինչը վկայում է միավորող կապերի ամրության մասին։

«Չեմ կարող չնշել, որ Արգենտինան ականատես է եղել նաև հայերի մի կարևոր մասի հետ կապված վերջին ցավալի իրադարձություններին, այդ իսկ պատճառով ուզում եմ փոխանցել Արգենտինայի ժողովրդի և կառավարության կարեկցանքը բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները անցյալ տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով։ Այդ նպատակով, Արգենտինայի Հանրապետությունը 2023 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացրել է «Սպիտակ սաղավարտներ»-ի առաքելությունը, որը հումանիտար ճգնաժամի զոհերի համար նախատեսված 15 տոննա մարդասիրական օգնություն էր: Մյուս կողմից, ընդգծում ենք, որ Արգենտինայի Հանրապետության կառավարությունը ողջունում է Ալմա Աթայի հռչակագրի (1991թ.) սահմանների սահմանազատման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը, և գտնում է, որ այն ոչ միայն հիմնարար քայլ է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, այլև կարևորում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով»,- ասաց Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը։

Վերջում նա հույս հայտնեց, որ մեր երկրներում ի վերջո կտիրի խաղաղություն և բարգավաճում` բերելով այն վեհ ապագան, որին արժանի են մեր ժողովուրդները:

Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ամրապնդել ավանդաբար ջերմ բարեկամական հարաբերությունները, արդյունավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը, որոնք հիմնված են համերաշխության և փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և պատմության վրա:

«Մեր պետությունների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Վերջին մի քանի տարիներին առավել հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելությունները ևս վկայում են երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Արգենտինան Հայաստանի ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները նոր թափ կստանան, որի համար առկա է անհրաժեշտ ներուժ: Հայաստանը երախտապարտ է Արգենտինային Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։ Այս հանգամանքը մեկ անգամ ևս վերահաստատում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպան և ջատագով հանդիսացող Արգենտինայի համբավը»,- նշեց նախարարը։

Նա բարձր գնահատեց նաև Արգենտինայի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար՝ շեշտելով, որ այդ քայլերը վերահաստատում են հայ-արգենտինյան երկարամյա բարեկամությունը և առավել ամրապնդում են այն: Պապոյանի խոսքով՝ հայ և արգենտինացի ժողովուրդների միջև առկա ամուր կապերը, ինչպես նաև Արգենտինայում մեծաթիվ հայ համայնքը հանդիսանում են միջպետական հարաբերությունների անկյունաքարերից մեկը:

«Հայաստանում նույնպես լավագույն կերպով ճանաչում և սիրում են Արգենտինայի հարուստ մշակույթն ու արգենտինացի ժողովրդին: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել նաև դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին Հայաստանում Արգենտինայի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություններ և նոր ձեռքբերումներ այս պատվավոր և պատասխանատու պաշտոնում: Կցանկանայի նշել, հարգարժան պարոն դեսպան, որ մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում Դուք մշտապես կարող եք ապավինել Հայաստանի իշխանությունների աջակցությանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Արգենտինայի բարեկամ ժողովրդին Հեղափոխության օրվա առթիվ՝ մաղթում եմ առաջընթաց, խաղաղություն և բարեկեցություն»,- եզրափակեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Պաշտոնական մասին հաջորդեց ավանդական հյուրասիրությունը, որն ուղեկցվեց «Լիբերտա» քառյակի կողմից արգենտինական կենդանի երաժշտության գեղեցիկ կատարումներով։

Մանվել Մարգարյան

Հայերեն العربية Español Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը