Տնտեսություն

Յոթ գործողություն, որ Հայաստանը կարող է նախաձեռնել էլեկտրամոբիլների լայնամասշտաբ գործածումը խթանելու համար

10 րոպեի ընթերցում

Յոթ գործողություն, որ Հայաստանը կարող է նախաձեռնել էլեկտրամոբիլների լայնամասշտաբ գործածումը խթանելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023թ․ էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքն աճել է 35%-ով։ Սակայն այս աճը կենտրոնացած էր Չինաստանում, Եվրամիությունում և ԱՄՆ-ում։ Հայաստանը ևս հարմար է՝ էլեկտրամոբիլների ներդրման համար։

Բնական գազով, ատոմային էներգիայով և հիդրոէներգիայով սնվող Հայաստանն ունի տարածաշրջանում արտադրված էլեկտրաէներգիայի մեկ միավորի հաշվով ածխածնի արտանետումների ամենացածր ցուցանիշը: Նավթի օգտագործման կրճատումը տնտեսական օգուտներ կբերի։ 2022թ․ Հայաստանը գրեթե 500 մլն դոլար է ծախսել զտված նավթի ներկրման վրա։

Էլեկտրաէներգիան համեմատաբար մատչելի է, և երկիրը սահմանել է ցերեկային և գիշերային տարբերակված սակագներ՝ էլեկտրամոբիլների սեփականատերերին խրախուսելով իրենց մեքենաները գիշերը լիցքավորել, երբ էլեկտրաէներգիայի պահանջարկն ու գներն ավելի ցածր են:

Լիցքավորման կայանների ցանցի ընդլայնման համար կարգավորող խոչընդոտները վերացվել են, և սուբյեկտների լայն շրջանակ կարող է մուտք գործել լիցքավորման կայանների շուկա։

«Ճանապարհորդության հեռավորության սահմանափակ լինելու վախը», որը սպառողների կողմից էլեկտրամոբիլների ընդունման հիմնական խոչընդոտներից մեկն է, Հայաստանի տարածքի փոքր լինելով պայմանավորված՝ այդքան էլ տեղին չէ: Կարելի է ճանապարհորդել ողջ երկայնքով՝ լիցքավորման համար ընդամենը մեկ կամ երկու կանգառ կատարելով:

Ի վերջո, դա կյանքեր կփրկեր: Տրանսպորտային միջոցներից արտանետումների պատճառով օդի որակը լուրջ խնդիր է Երևանում, որը 2023 թվականին զբաղեցրել է 27-րդ տեղը մայրաքաղաքների շարքում վտանգավոր մասնիկների խտության իմաստով։

Օդի այս աղտոտվածությունը հանգեցնում է վաղաժամ մահացության: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է, որ օդի աղտոտվածությունն է Հայաստանում ինսուլտից և սրտի իշեմիկ հիվանդությունից մահացությունների մեկ վեցերորդի պատճառը։

Հաշվի առնելով այս առավելությունները՝ Հայաստանը պետք է վարի յոթ մասից կազմված քաղաքականություն՝ էլեկտրամոբիլների կիրառումը խթանելու համար:

Հարկային արտոնությունների շարունակում

Մինչև 2025թ․ էլեկտրամոբիլների համար չի գանձվի ո՛չ ներմուծման մաքսատուրք, ո՛չ էլ ավելացված արժեքի հարկ։ Այս հարկային արտոնությունը օգտակար է, և կառավարությունը պետք է մտածի 2025թ․ հետո այն երկարացնելու մասին: Այնուամենայնիվ, հարկային արտոնությունները սահմանափակում են նման իրավունակություն ունեցող մեքենաների քանակը: Չնայած ներմուծումը մինչ օրս եղել է քվոտայից ցածր, պահանջարկը պետք է մեծանա: Հաշվանցելու նպատակով անհրաժեշտ է հարկային արտոնություններն աստիճանաբար վերացնել թանկ էլեկտրամոբիլների համար: Սա կխթանի էլեկտրամոբիլների լայն տարածումը՝ վերացնելով շքեղ մեքենաների անմաքս ներմուծման բացը:

Արտանետումների ստանդարտների խստացում

Չնայած հարկային արտոնություններին՝ 2023թ․ ներմուծվել է ընդամենը 4500 էլեկտրամոբիլ։ Թեև սա 2022թ․ համեմատ գրեթե կրկնակի ավելացում է, էլեկտրամոբիլները դեռևս քիչ են ներկայացված: Էլեկտրամոբիլներն ավելի գրավիչ դարձնելուց բացի Հայաստանը պետք է մտածի ներքին այրման շարժիչով մեքենաները պակաս գրավիչ դարձնելու մասին: Հայաստանը՝ որպես Եվրասիական Տնտեսական Միության անդամ, կիրառում է Euro-5 արտանետումների ստանդարտները։ Սա Հայաստանին մեկ տասնամյակ հետ է թողնում ԵՄ-ից, որը 2014թ․ ընդունել է Եվրո-6 ստանդարտները և 2025թ․ կիրականացնի Եվրո-7 ստանդարտները: Ավելին, արտանետումների ավելի խիստ ստանդարտները կօգնեն մեղմել օդի աղտոտվածության պատճառով առողջությանը սպառնացող վերոհիշյալ վտանգները:

Ներդրումներ լիցքավորման ենթակառուցվածքում

2023թ․ դրությամբ Հայաստանում գործում էր 198 լիցքավորման կայան։ Այս ցուցանիշը մոտավորապես հավասար է Գերմանիայի և Միացյալ Նահանգների մեկ էլեկտրական մեքենայի հաշվարկով լիցքավորման կայանների քանակին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ցածր ելակետը՝ էլեկտրամոբիլների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի էքսպոնենցիալ կերպով հաջորդ մի քանի տարիների ընթացքում, և էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները պետք է հետևեն այս աճին` շեշտը դնելով արագ լիցքավորիչների վրա: Ենթադրելով, որ մինչև 2030թ․ Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը կունենա ավտոմեքենա, իսկ ավտոպարկի 10%-ը կլինեն էլեկտրամոբիլները, ապա Հայաստանին անհրաժեշտ կլինի 15 անգամ ավելացնել լիցքավորման կայանների թիվը՝ ներկայիս համամասնությունները պահպանելու համար։ Այստեղ մեծ դեր են խաղում տրանսպորտն ու քաղաքաշինությունը։ Համայնքապետարանները կարող են պահանջել, որպեսզի հանրային կայանատեղիների որոշ մասն ունենա լիցքավորման հնարավորություն: Բազմաբնակարան նոր շենքերի լիցենզիաները պետք է ապահովեն բնակիչների համար լիցքավորման միջոցների առկայությունը, և քանի որ Հայաստանը կառուցում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, «Խաղաղության խաչմերուկ»-ը և այլ կարևոր տրանսպորտային ենթակառուցվածքներ, Ասիական Զարգացման Բանկը և զարգացման այլ գործընկերներ, որոնց հետ Հայաստանը պատրաստում է այս ծրագրերը, կձգտեն ապահովել, որպեսզի հանգստի գոտիները և հարակից կառույցները վարորդներին լիցքավորման հնարավորություն ընձեռեն:

Հանրային էլեկտրամոբիլության ներդրում

Կառավարությունը կարող է էլեկտրական ավտոբուսներ կիրառել՝ սպառողներին էլեկտրամոբիլները ներկայացնելու համար։ Էլեկտրական ավտոբուսները կնպաստեն նաև օդի աղտոտվածության նվազեցմանը։ Էլեկտրական ավտոբուսների արժեքը նվազել է, ինչը նրանց այժմ համադրելի է դարձնում սեղմված բնական գազով (CNGs) աշխատող ավտոբուսների հետ: Քանի որ ավտոբուսների ավտոպարկն աստիճանաբար փոխարինվում է, հնարավորություն կա պիլոտի իրականացման և փորձ ձեռք բերելու։ Սա նաև ժամանակ է տալիս կառուցելու ավտոկայաններ, որոնք կահավորված են՝ էլեկտրական ավտոբուսները պահելու, սպասարկելու և լիցքավորելու համար:

Ներդրումներ՝ էլեկտրամոբիլների սպասարկման մեջ

Էլեկտրամոբիլները պահպանելու համար Հայաստանը պետք է ներդրումներ կատարի էլեկտրամոբիլների սպասարկման կարողություններում: Սա ներառում է ինչպես ենթակառուցվածքների զարգացումը, ինչպիսիք են մասնավոր մեքենաների սեփականատերերի համար նախատեսված աշխատաժողովները և ավտոբուսների համար մասնագիտացված սարքավորումները, այնպես էլ մարդկային կապիտալի զարգացումը էլեկտրամոբիլների սպասարկման տեխնիկների համար տեխնիկական և մասնագիտական ​​կրթության (ՄԿՈՒ) և վերապատրաստման ծրագրերի միջոցով:

Վերականգնվող էներգիայի և էներգետիկ ցանցի կառուցում

Հայաստանը կկարողանա ամբողջությամբ իրացնել էլեկտրամոբիլների բոլոր առավելությունները թե՛ կլիմայի փոփոխության, թե՛ էներգետիկ անկախության առումով միայն այն դեպքում, եթե կարողանա միաժամանակ մեծացնել վերականգնվող էներգիայի իր օգտագործումը: Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի աղբյուրների զգալի ներուժ։ Հորիզոնական մակերեսի մեկ քառակուսի մետրի վրա արևային էներգիայի միջին տարեկան քանակը կազմում է 1720 կվտ/ժ, ինչը 70%-ով բարձր է եվրոպական միջինից։ Հողմային ռեսուրսները ևս զգալի են: Այս ներուժն իրացնելու համար Հայաստանը պետք է ներդրումներ կատարի իր ցանցում և իրականացնի էներգիայի պահուստավորման պիլոտ՝ եղանակային պայմաններով պայմանավորված տատանումները կառավարելու համար, որոնք բնորոշ են վերականգնվող էներգիայի արտադրությանը և վերականգնվող էներգիան հաճախ հեռավոր աղբյուրներից տեղափոխելու համար այնտեղ, որտեղ էներգիան սպառվում է:

Արտոնյալ ռեսուրսների օգտագործում

Էլեկտրամոբիլների խթանման համար մեծ ծախսեր են պահանջվում սովորական քաղաքականությունների համեմատ: Ասիական զարգացման բանկը և զարգացման այլ գործընկերներ կարող են օգնել: Դրամաշնորհների և կոնցեսիոն վարկերի շնորհիվ, որոնք նախատեսված են կանաչ տեխնոլոգիաներով զարգացող երկրներին օգնելու համար, զարգացման գործընկերները տրամադրում են ոչ միայն տեխնիկական աջակցություն, այլև ֆինանսավորում:

Տնտեսության զարգացման առավելություններից մեկն այն է, որ քաղաքացիները սկսում են պահանջել ավելի մաքուր օդ և ավելի հարմարավետ քաղաքային միջավայր: Բազմակողմ ռազմավարություն որդեգրելով՝ Հայաստանը եզակի հնարավորություն ունի՝ իրականացնելու այս հավակնությունները՝ միաժամանակ դանդաղեցնելով կլիմայի փոփոխությունը և նվազեցնելով կախվածությունը էներգիայի ներմուծումից:

Ասիական Զարգացման Բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտ

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում