Հասարակական

ՀՕՖ-ի ջանքերով վերակառուցված Վանաձորի գեղարվեստի դպրոցը կրկին բացել է դռները

5 րոպեի ընթերցում

ՀՕՖ-ի ջանքերով վերակառուցված Վանաձորի գեղարվեստի դպրոցը կրկին բացել է դռները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով վերակառուցված գեղարվեստի դպրոցը կրկին բացել է դռները շուրջ 100 սաների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղից, վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել են գեղարվեստի դպրոցի բարերար Գուրգեն Եկարեանը, Գուգարաց թեմի առաջնորդը, Լոռու մարզպետը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր ու ներկայացուցիչներ Հայաստանից ու ԱՄՆ-ից։

Վանաձորի գեղարվեստի դպրոցի վերաբացման պաշտոնական արարողությունը  3.JPG (775 KB)

«Աստված օրհնել է այս կառույցը, օրհնել է մեր երիտասարդներին ու փոքրիկներին, որպեսզի գալով այստեղ՝ կրթություն ստանան, հոգեմտավոր զարգացում ունենան և վաղվա Հայաստանի ապագայի համար իրենց ծիլերը տան։ Շնորհակալ ենք Հայ օգնության ֆոնդի ողջ անձնակազմին՝ իրենց ներդրումը Հայաստան աշխարհում և ի մասնավորի՝ Վանաձոր քաղաքում ունենալու համար։ Այլևս ընդունայն է այս կառույցը, ձեր ջանքն ու եռանդը», - ողջույնի ու օրհնանքի խոսքում նշել է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Վանաձորի վերաբացված գեղարվեստի դպրոցը 1.JPG (718 KB)

«Ավելի լավ ու ավելի գեղեցիկ նվեր Վանաձոր համայնքին ու տեղի արվեստասեր երեխաներին հնարավոր չէր անել, որն իրականացվեց ընդամենը մեկ տարում։ Սա Հայ օգնության ֆոնդի հերթական, բայց շատ կարևոր ծրագիրն է, որն իր տրամաբանական ավարտին է մոտենում։ Մենք շատ հպարտ ենք, որ հիսունականներին կառուցված ու երբևէ չվերանորոգված, մեկհարկանի ու վատթար վիճակում գտնվող շենքն այլևս պատմություն է։ Այժմ մենք ունենք վերակառուցված երկհարկանի դպրոց՝ ամբողջովին կահավորված ու հագեցած անհրաժեշտ պարագաներով, որը հնարավորություն կտա այստեղ ուսանող երեխաներին՝ արդեն կրկնակի շատ, ավելի քան 200 աշակերտներին, իրենց տաղանդը բացահայտել գեղարվեստի ոլորտում։ Շնորհակալ ենք բոլորին և հատկապես բարերար պարոն Գուրգեն Եկարեանին, որը մեծ սիրով համաձայնեց ստանձնել գեղարվեստի դպրոցը վերակառուցելու պատասխանատվությունն ու իր աջակցությունը տրամադրել», - ասել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի ողջույնի խոսքը.JPG (848 KB)

Ըստ աղբյուրի՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նույնպես շնորհավորել է վանաձորցիներին հերթական նշանակալի իրադարձությունը տոնելու համար՝ շեշտելով, որ դպրոցի վերակառուցումը ավելին է, քան բարեգործությունը. «Դուք նոր շունչ եք հաղորդել կրթամշակութային մի օջախի, որն ունիավելի քան 65 տարվա փառավոր պատմություն։ Նկարիչների և քանդակագործների այս փաղանգը, որն այսօր ունենք, պարտական ենք հենց այս դպրոցին ու նրա նվիրյալներին։ Մաղթում եմ, որ այստեղ ուսանող աշակերտները լինեն հայրենասեր ու ծառայեցնեն իրենց գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։

Վանաձորի վերաբացված գեղարվեստի դպրոցը 2.JPG (16.34 MB)

Նշվում է, որ պաշտոնական արարողությունից հետո պատվավոր հյուրերը ծառ են տնկել դպրոցի այգում, այնուհետ շրջել են դպրոցի սենյակներով, ծանոթացել իրականացված աշխատանքներին։

Վանաձորի գեղարվեստի դպրոցի շենքը կառուցվել էր 1957թ․։ 67 տարվա պատմություն ունեցող շենքն անմխիթար վիճակում էր՝ սահմանափակելով վանաձորցի երեխաներրի կրթության հնարավորությունը։ Դպրոցի վերակառուցման ու վերազինման արդյունքում ընդարձակ և լուսավոր պայմաններ են ստեղծվել ստեղծագործելու և ուսումնառության համար։ Դպրոցի երկրորդ հարկի կառուցումը և ամբողջական վերանորոգումը, կահավորումն ու շրջակայքի բարեկարգումը իրականացվել է ՀՕՖ-ի միջոցով Գուրգեն Եկարեանի առատաձեռն նվիրատվությամբ՝ ի հիշատակ Արմենիկ Եկարեանի։

Մոտ մեկ տարի տևած շինարարական աշխատանքների արդյունքում դպրոցն այսօր ունի գծանկարի, գեղանկարի, քանդակի, դեկորատիվ արվեստի և գրաֆիկայի հարմարավետ դասասենյակներ պրակտիկ և տեսական պարապմունքների համար։ Ցուցադրությունների համար նախատեսված ընդարձակ ու լուսավորված սրահը տեղակայվել է նորակառույց երկրորդ հարկում։ Ի լրումն շինարարական և վերանորոգման աշխատանքների՝ դպրոցին տրամադրվել են ուսումնառության համար անհրաժեշտ կահույք և պարագաներ։

Մինչ վերանորոգումը դպրոց հաճախել է շուրջ 100 երեխա․ վերակառուցումից հետո նախատեսվում է թիվը կրկնապատկել՝ հասցնելով շուրջ 200-ի Վանաձորից ու հարակից համայնքներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում