Մշակույթ

Ազնավուրով երկար տարիներ ենք հպարտանալու՝ ասելով, որ նա հայ է. Արա Գևորգյան

4 րոպեի ընթերցում

Ազնավուրով երկար տարիներ ենք հպարտանալու՝ ասելով, որ նա հայ է. Արա Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին խոսելը պատիվ է համարում, ընդգծում, որ նա մեծ հայ էր, մեծ արտիստ, որին աշխարհն է գնահատել:

Ըստ Գևորգյանի՝ Ազնավուրն ուներ բացառիկ ձայն, իսկ երգի նկատմամբ նրա վերաբերմունքը, կատարելու ոճը, հույզերը, ապրումները տեղ հասցնելու նրա ձևը յուրահատուկ էին, չկրկնվող:

«Ազնավուրը հոգատար էր մեր երկրի նկատմամբ. նա արձագանքել է մեր ամեն ցավին: 1988-ի երկրաշարժի ժամանակ Ազնավուրն իր շուրջը համախմբեց օտարազգի շատ երգիչների, որոնք մի քանի լեզվով կատարեցին «Քեզ համար, Հայաստան» երգը: Դա տիտանական աշխատանք էր, և հենց նրա անունն էր իր հետևից տանում այդքան արտիստների: Ազնավուրը ստեղծեց հիմնադրամ, որի շնորհիվ շատ օգնեց մեր երկրին, հատկապես՝ Սպիտակի երկրաշարժից տուժածներին»,-Շառլ Ազնավուրի ծննդյան առթիվ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Արա Գևորգյանը:

MXO_7856.JPG (556 KB)

Գևորգյանն Ազնավուրին շատ բարձր է գնահատում որպես արվեստագետի, որպես հայի, որպես սրտացավ հայրենակցի, համամարդկային կերպարի, որի անունը տալով՝ հպարտություն է ապրում: Նա վստահ է՝ Ազնավուրով երկար տարիներ ենք հպարտանալու՝ ասելով, որ նա հայ է:

Երգահանն Ազնավուրի հետ հանդիպելու առիթ չի ունեցել, ինչի համար շատ ափսոսում է, քանի որ կցանկանար շանսոնյեի խորհուրդը լսել: «Կուզեի՝ Ազնավուրը լսեր «Ադանա» երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Շատ կցանկանայի, որ նա կատարեր այն, ինչի շնորհիվ հեշտությամբ երգի շուրջ կհամախմբեր տարբեր ագգերի մեծ երգիչների»,-ասում է նա:

MXO_7798.JPG (528 KB)

Արա Գևորգյանին այնքան է ցնցել Ազնավուրի մահը, որ շանսոնյեի մահվան գիշերը գրել է «Մեր Շառլ» երգը, ձայնագրել այն ու հրապարակել:

«Արցունքներն անդադար հոսում էին, ապշած էի: Նվագելու ժամանակ ասում էի՝ «Շնորհակալ ենք քեզ, մեր Շառլ»: Վերևից եկած բառերը դարձան տեքստ: Նվագելու ընթացքում նաև գործիքավորում էի: Զանգեցի երգչուհի Մաշա Մնջոյանին, ձայնագրեցինք երգը: Տեսանք, որ հիանալի է ստացվել: Ազնավուրի լուսանկարների հիման վրա հոլովակ պատրաստեցի ու առավոտյան 5:00-ին հրապարակեցի համացանցում: Հաջորդ օրը զանգահարեց Մարտին Վարդազարյանն ու ասաց՝ կեցցե՛ս: Այդ գնահատականն ինձ շատ ոգևորեց, պարզվեց՝ մի քանի ժամում 100 հազար մարդ է նայել հոլովակը»,-հիշում է երաժիշտը:

MXO_7868.JPG (374 KB)

Նույն օրը երգը թարգմանվել է ֆրանսերեն, որը կատարել է Ադամ Բարոն: Հետագայում այն թարգմանվել և կատարվել է իսպաներեն, բուլղարերեն, արաբերեն, անգլերեն, պարսկերեն: Գևորգյանը երգի պարտիտուրը ցանկանում է նվիրել Ազնավուրի թանգարանին:

Նա շեշտում է՝ աշխարհում ոչ մի հանրահայտ երգիչ իր մասին այդ տեսակ երգ չունի, երբ տարբեր ազգությունների արտիստներ ասում են՝ շնորհակալություն, որ երգել ես մեզ համար ու ջերմ պահեր ես պարգևել քո երգով:

MXO_7860.JPG (351 KB)

«Ուզում եմ՝ այս ծրագիրը մտնի Գինեսի ռեկորդների գիրք, և Ազնավուրն աշխարհում լինի միակ երգիչը, որի մասին գրված երգն այդքան տարբեր ազգերի ներկայացուցիչներ են երգում իրենց լեզվով: Շատ կցանկանամ՝ Երևան հրավիրվեն այդ բոլոր երգիչները: Ամեն մի երգիչ գա ու կատարի Ազնավուրի մեկ երգ, և վերջում բոլորը երգեն իմ գրած երգը: Ամեն մեկը՝ իր լեզվով, թարգմանությունը կգրվի էկրանին»,-հույս ունի Գևորգյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում