Մշակույթ

Գյումրու դրամատիկական թատրոնի մեծ բեմում Բելգիայի «Դե Պոչե դե Բրյուսել» թատրոնն էր

3 րոպեի ընթերցում

Գյումրու դրամատիկական թատրոնի  մեծ բեմում Բելգիայի «Դե Պոչե դե Բրյուսել» թատրոնն էր

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի շրջանակներում, մայիսի 20-ին քաղաքի դրամատիկական թատրոնի մեծ բեմում Բելգիայի «Դե Պոչե դե Բրյուսել» թատրոնն էր, որը հանդիսատեսին ներկայացրեց «FRITLAND» պիեսը, բեմադրությունը`Դընի Լոժոլի։

Ներկայացումը հանդիսականին տեղափոխեց Բելգիա՝ այնպես, ինչպես 70-ականներին հերոսին՝ ալբանացի Զենելին։

445227530_456752830202511_5168281095544271496_n.jpg (128 KB)

Միգրացիա, հայրենիքից հեռու ազգային ավանդույթները պահպանելու ու նոր երկրում ընտանիքի գոյատևման համար սեփական գործը սկսելու ու ինտեգրվելու, ընտանիքից հեռանալու ու սեփական կյանքով ապրելու դժվարությունները ներկայացնող մեկ գործողությամբ դրաման ներկայացվեց ֆրանսերեն՝ հայերեն ենթագրերով։

Գրող, դերասան Զենելի ընտանիքը Բելգիայում գոյությունը պահպանելու համար ստիպված է ֆրի վաճառել՝ ֆրիի հայրենիքում ալբանացի ընտանիքը պետք է աներ անհնարինը՝ ամենահամեղ ֆրին պատրաստելու ու վաճառելու համար։ Զենելի ամբիցիոզ հոր շնորհիվ ընտանիքը հաջողությամբ դա իրականացնում է, իսկ Զենելին վերջում հեռանում է ընտանիքից ու իր սեփական երազանքները կյանքի կոչում։ Հանդիսատեսը ներկայացման ավարտին բելգիական խոհանոցի այդ ճաշատեսակը նաև համտեսելու հնարավորություն ունեցավ։

445580867_456752800202514_938529153825212781_n.jpg (154 KB)

«Այս գործը Բելգիայում մեծ արձագանքի է արժանացել։ Ցուցադրվել է նաև Ֆրանսիայում ու Կոսովոյում։ Մինչև Գյումրի հասնելը պիեսը ներկայացվել է նաև Երևանում։ Ուրախ եմ, որ այս ներկայացումը մաս է միջազգային թատերական փառատոնի»,-«Արմենպրես»-ին ասաց ՀՀ Բելգիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը՝ նշելով, որ ներկայացումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում։

«Հրաշալի է տեսնել այսքան մեծ հետաքրքրություն։ Սա Բելգիայի համար շատ խորհրդանշական ներկայացում է՝ Բելգիայի ավանդույթների, միգրացիայի, ինտեգրման ու ազատության մասին։ Սա նաև երկու սերունդների պայքարն է»,-նշեց Էրիկ Դե Մույնքը՝ հավելելով, որ այն նաև հայ-բելգիական համագործակցության լավագույն դրսևորումներից է։

444480919_456752703535857_7432135775305648242_n.jpg (133 KB)

«Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանությունը բացվեց անցած սեպտեմբերին։ Այս այցը Գյումրի նաև հրաշալի հնարավորություն է գյումրեցիներին ասելու, որ Բելգիան ունի Հայաստանում դեսպանություն ու հայ-բելգիական հարաբերությունները խորացնելու բոլոր նախադրյալները կան»,-հավելեց դեսպանը։

445539379_456752663535861_7085561325392767581_n.jpg (100 KB)

Մայիսի 17-31-ը Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը: Թատերական մեծ իրադարձության շրջանակներում հանդիսականին կներկայացվի Հայաստանի և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում