ՄՈՍԿՎԱ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի անհատական ցուցահանդեսը՝ «Վերածնունդ» խորագրով։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Դանիելյանը նշեց, որ սա իր առաջին անհատական ցուցահանդեսն է Մոսկվայում։
«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկար ժամանակ դադարել էի ստեղծագործել։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ հայ ժողովրդի պայքարի հաջողությունը կարող է նորից լինել վերածնունդով։ Ու այսօր իմ ստեղծագործական ցուցահանդեսի թեման հենց այդ ուղերձն ունի։ Ներկայացված կտավները նկարված են գեղարվեստական աբստրակտ ժանրով»,- նշել է Դանիելյանը և ավելացրել, որ նման միջոցառումները սփյուռքի եւ հայրենիքի հայության մշակութային կապերն ամրացնող կարեւոր մաս են կազմում։
Ցուցահանդեսին, որը կայացել է Մոսկվայի ԺՏՆՑ-ի (ВДНХ) Հայաստանի տաղավարի եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի համատեղ ջանքերով, մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ։ Ողջունելով գործընկերոջ նախաձեռնությունը՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն այն որակել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության շարունակմանն ուղղված անհրաժեշտ քայլ։ Ներկաների կողմից կարևորվել են ներկայացված ստեղծագործությունների ու ընտրված թեմատիկայի արդիականությունը, նկարչի արտահայտած մոտեցումներն ու ապագային ուղղված ուղերձը։