Հասարակական

Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի

5 րոպեի ընթերցում

Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» խորագրով ծրագրի առաջին հանդիպումը, որը նպատակ ունի մշակելու և իրականացնելու ռազմավարություն` մեղմելու համար կլիմայի փոփոխության ազդեցությունը վայրի բնության, մասնավորապես՝ վայրի կենդանիների վարքագծի վրա և նվազեցնելու դրա արդյունքում գյուղացիական տնտեսություններին հասցվող վնասները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջիկա երեք տարիների ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրականացնելու է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ Darwin Initiative-ի միջոցով։

HM2_4163.JPG (612 KB)

Թիրախավորելով Վայոց Ձորի Եղեգիս համայնքը` ծրագիրը միտված է բարձրացնելու տեղաբնակների դիմադրողականությունը կլիմայի փոփոխության ազդակների նկատմամբ` տրամադրելով կարողությունների զարգացման հնարավորություններ և խթանելով այլընտրանքային եկամուտների ստեղծումը:

«Շնորհակալություն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի կառավարությանը, շարունակաբար մեր կողքին լինելու և մեր ծրագրերին աջակցելու համար: Ստեղծված խմբի շնորհիվ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը ինստիտուցիոնալ հենքի վրա է դրվում, մենք կարողանում ենք կառավարել կոնֆլիկտից առաջացած ռիսկերը: Մեր նպատակը բնության պաշտպանությունն է: Ռիսկերը կառավարելով պետք է նաև ապահովենք մարդկանց և շրջապատող էկոհամակարգի անվտանգությունը»,- նշեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից նշեցին՝ տարիներ շարունակ զբաղվում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերում` շեշտը դնելով կոնֆլիկտի մեղմանն ուղղված գործողությունների վրա։ Այս համատեքստում Հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է Վայոց ձորի համայնքներին` տրամադրելով Էլեկտրական հովիվներ, պաշտպանելու իրենց պտղատու այգիները, մեղվափեթակներն ու սեփականությունը, մասնակիորեն փոխհատուցելով հասցված վնասը, ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր տեղաբնակների համար բնապահպանության ոլորտում, կրթելով թիրախային խմբերին և ներգրավելով նրանց բնապահպանական միջոցառումներին:

«Վերջապես կարողացանք Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից դրամաշնորհ ստանալ՝ մեղմելու շատ կարևոր կոնֆլիկտ: Այս ծրագրով մենք փորձելու ենք իրականացնել բազմաշերտ և բազմաբնույթ գործառույթներ, որոնք կօգնեն Եղեգիս համայնքին հաղթահարելու լիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը: Հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա մոդել կիրառվելու Հայաստանի այլ համայնքներում, սա կդառնա պիլոտային ծրագիր, որտեղ բոլոր ներգրաված կողմերը կարող են իրենց փորձառությունը, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների փորձը կիրառելով հասնել ցանկալի արդյունքի»,- ասաց Վայրի բնության և մշակութային արժեք- ների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշեց՝ վերջին 5-6 տարիների ընթացքում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը սրվել Է, հատկապես Վայոց ձորում, որտեղ արջերն իջնում են գյուղեր` վնասելով գյուղատնտեսական ցանքատարածությունները, պտղատու այգիներն ու մեղվափեթակները, ինչպես նաև մանր ու խոշոր գյուղատնտեսական կենդանիներին։ Նա ընդգծեց՝ միայն այս տարվա վնասը 1 մլն 400 հազար դրամ է: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մասնագետները ուսումնասիրելու են կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի ահագնացման վրա, մասնավորապես թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի վրա, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրները: Ստեփանյանը հույս հայտնեց, որ խնդիրն արագ լուծում կստանա:

«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» խորագրով ծրագրի մեկնարկային հանդիպումնը ներկա էին նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում