Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 13-ին Երևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով:

Նշվում է, որ արձանագրված միջադեպերի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։

Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում