Հասարակական

Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առանձին տարածքներում իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին ժամը 11:10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձանց կողմից Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը փակելու ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել էր առերևույթ հանցավոր արարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Կոմիտեի հաղորդմամբ՝ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում ակցիայի մասնակիցներին ներկայացվել էր ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն էր գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխին։ Նշված անձը ձերբակալվել էր։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային համապատասխան գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, նշված արարքը կատարելու համար, ակցիայի տվյալ մասնակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում