Երևանը կհյուրընկալի ՎԶԵԲ-ի 2024 թվականի տարեկան ժողովը և բիզնես ֆորումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանը գալիք շաբաթ կհյուրընկալի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Միասին ազդեցություն թողնենք» խորագիրը կրող 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն իր տեսակի մեջ լինելու է ամենամեծը Հայաստանում և այն կընդունի ավելի քան 2000 միջազգային մասնակցի, իսկ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը ցույց է տալիս ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը երկրին և կովկասյան տարածաշրջանին։

Եռօրյա հանդիպումը բացվելու է մայիսի 14-ին, որին կմասնակցեն կառավարության պաշտոնյաներ, ֆինանսական և կորպորատիվ ղեկավարներ, ձեռներեցներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ ՎԶԵԲ-ի կողմից սպասարկվող տարբեր տարածաշրջաններից:

Երևանի օպերային թատրոնում մայիսի 15-ին սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կառավարիչների խորհրդի բացման նիստում։ Բացման խոսքով հանդես կգան Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն, Լիտվայի ֆինանսների նախարարը և ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։

Կառավարիչները մայիսի 16-ին կընտրեն նախագահ, որը կգլխավորի Բանկն առաջիկա չորս տարիների ընթացքում: Տիկին Ռենո-Բասոն առաջին անգամ ընտրվել է այդ պաշտոնում Բանկի 2020 թվականի տարեկան ժողովում, և նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին:

Նշվում է, որ Կառավարիչները նաև կսկսեն դիտարկել Բանկի հաջորդ «ճանապարհային քարտեզը»՝ Ռազմավարական և կապիտալի շրջանակը, որը կսահմանի իր առաջնահերթությունները 2026-30 թվականների համար:

Բիզնես ֆորումում կքննարկվի թեմաների լայն շրջանակ, ինչպիսիք են տարածաշրջանային կապի և արժեշղթաների կարևորությունը․ ֆինտեխ, արհեստական ​​բանականություն և կիբերանվտանգություն, էներգետիկ անվտանգություն և վերականգնվող աղբյուրներ, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով առաջացած մարտահրավերները, թվայնացում զարգացող շուկաներում, և ֆինանսական ընդգրկում։

Հաղորդվում է, որ նրանք, ովքեր չեն կարող մասնակցել միջոցառմանը հենց Երևանում, կկարողանան ուղիղ եթերում հետևել միջոցառումների մեծ մասին։

Միջոցառման հրավիրյալ բանախոսներն են՝ Նուբար Աֆեյանը՝ Moderna-ի համահիմնադիրը, Թիերի Դիուն՝ Meridiaսm-ի գործադիր տնօրենը, Մարտին Վուլֆը՝ Financial Times-ից, Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, քաղաքագետ Մելանի Գարսոնը պրոֆեսոր և պատմաբան Հարոլդ Ջեյմսը և ԱՄՆ գանձապետարանի միջազգային առևտրի և զարգացման հարցերով քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթուն:

Բանկը մայիսի 15-ին կհրապարակի նաև Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների իր զեկույցը:

Բիզնես ֆորումի կարևոր իրադարձություններից է նույն օրը կայանալիք Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստը։

Վերջին հինգ տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը 640 մլն եվրո է ներդրել Հայաստանում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական համայնքների թվայնացմանը:

Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է ավելի քան 2․1 միլիարդ եվրո՝ 210 ծրագրերում:

Հայերեն English Español

Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը

ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն ընդունել միգրանտներին

ՄՊՀ-ն նոր տեխնիկական լուծումներ է առաջարկում հեղուկ գազի շուկայում թերլիցքավորման խնդիրները լուծելու համար

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը

Բեռլինում գործադուլ են սկսել հասարակական տրանսպորտի աշխատողները

Նախատեսվում է իրական մրգային օղի արտադրողներին տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով․ ՄՊՀ նախագահ

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների, բայց Վաշինգտոնից հարցումներ չեն եղել. Պեսկով

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ