Հասարակական

Մեկնարկել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության դրամաշնորհային հայտերի ուսումնասիրման փուլը

4 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին»  նախաձեռնության դրամաշնորհային  հայտերի ուսումնասիրման փուլը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում մեկնարկել են դրամաշնորհային հայտերի ուսումնասիրման և հաղթողներին վեր հանելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքները:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ բարեգործական ընթրիքի մասնակից 42 գործարար կանանց շնորհիվ հանգանակվել է 42 միլիոն դրամ՝ որպես աջակցություն սկսնակ կին գործարարներին:

«Այսօր և հետագա աշխատանքների ընթացքում մենք 166 հայտատուից կընտրենք 42 շահառուի, որի համար մշակված են գնահատման թերթիկներ, աշխատանքային կարգ»,-ասաց Հակոբյանը՝ կարևորելով դրամաշնորհի բաշխման գործընթացում ճիշտ, արդար, թափանցիկ գործելաոճը, ինչպես նաև արդյունավետության մոնիթորինգի իրականացումն ու այն հանրությանը ներկայացնելը:

Նրա խոսքով՝ բարեգործական ծրագիրը նախատեսվում է շարունակական դարձնել՝ առնվազն տարեկան երկու անգամ պարբերականությամբ:

Աշխատանքները նախագահում է «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Վահագն Թևոսյանը, ով նշեց, որ բարեգործական ճաշկերույթի ամբողջ ծախսն իր վրա է վերցրել հիմնադրամը՝ դրա շնորհիվ ուղիղ կապ ստեղծելով նվիրատուների և շահառուների միջև:

Հայտերի ուսումնասիրման և հաստատման ընթացակարգերն ու չափորոշիչները ներկայացրեց հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը:

«Հիմնադրամը նախապես երկու պայման էր առաջադրել հայտերի հետ կապված. առաջինը, որ ունենան իրավաբանական անձի կարգավիճակ, և երկրորդը՝ գործունեություն ծավալեն ՀՀ մարզերում: Այսօր առաջին կետով կփորձենք վերհանել այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մեր նախանշած պայմաններին, իսկ այն հայտերը, որոնք համապատասխանում են, կանցնեն հաջորդ փուլ»,-պարզաբանեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ փուլ անցած մասնակիցներին կուղարկվի հայտերի լրացման ավելի պրոֆեսիոնալ ձևաչափ, որի միջոցով դիմումատուները մանրամասն կներկայացնեն իրենց բիզնեսը և թե ինչպես են պատրաստվում օգտագործել 1 մլն դրամը բիզնեսը զարգացնելու համար: Այնուհետև աշխատանքային խմբի կողմից ներկայացված հայտերի գնահատման արդյունքում ամենաբարձր միավորներ հավաքած 42 հայտերը կճանաչվեն հաղթողներ:

Հայտերի ուսումնասիրման և գնահատման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և աշխատակազմի անդամներ, բիզնեսի պլանավորման և կառավարման անկախ փորձագետներ, ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքի ողջ հասույթը՝ 1-ական մլն դրամ դրամաշնորհի տեսքով, տրամադրվելու է 42 սկսնակ կին գործարարների՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում