Հասարակական

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը  խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ՝ նրանց հետ քննարկելով մի շարք առաջնահերթ ու կարևոր նշանակության հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանն անդրադարձել է Մարտունի համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներին, ընդերքօգտագործման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների իրականացման, գործող աղբավայրերի կառավարման, հիմնանորոգման կամ կառուցման փուլերում գտնվող մանկապարտեզների շահագործման ժամկետների, ավարտված շինարարությունների երաշխիքային ժամկետների դիտարկման, սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման, շարժական գույքի բազաների ճշգրտման, դպրոցաշինության, ճանապարհաշինության, ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին։

Մարզպետը հորդորել է համայնքի ղեկավարին ու բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ քննարկվող հարցերի կարգավորման ուղղությամբ լինել հետևողական, համագործակցված աշխատանք տանել Գեղարքունիքի մարզպետարանի, այլ գերատեսչությունների ու պատկան մարմինների հետ։

«Վարչական ղեկավարները բոլոր ոլորտներում պետք է ցուցաբերեն անհրաժեշտ պատասխանատվություն ու հետևողականություն, մշտապես շփվեն բնակչության հետ, ամեն օր գտնվեն իրենց բնակավայրերի շինհրապարակներում, դպրոցներում, բուժհիմնարկերում, վեր հանեն նկատվող թերությունները, արձանագրեն առաջ քաշված հիմնախնդիրները՝ համայնքապետարանում ու մարզպետարանում դրանք քննարկման նյութ դարձնելու նպատակով։ Նախորդ տարվա ընթացքում Մարտունի համայնքում մեծածավալ շինարարություն է իրականացվել, ձեռքբերումներ արձանագրվել են նաև կենսագործունեության այլ ոլորտներում։ Մեզ այս տարի ևս բավականին ընդգրկուն, պարտավորեցնող աշխատանքներ են սպասում, որոնց իրականացման համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը։ Հավատացած եմ, որ 2024 թվականը ևս կկարողանանք փակել գոհացուցիչ արդյունքներով ու նշանակալի ձեռքբերումներով»,-խորհրդակցությունն ամփոփել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները հանդես են եկել մի շարք առաջարկներով ու հարցադրումներով, որոնց շուրջ մարզպետի կողմից տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում