Հասարակական

Ապօրինի գույքի բռնագանձման բազմաթիվ հայցերը հեղափոխության արդյունք են․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ապօրինի գույքի բռնագանձման բազմաթիվ հայցերը հեղափոխության արդյունք են․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով թիրախավորվում են բոլոր նրանք, որոնք ունեն ապօրինի գույք:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասել է մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում թիրախավորվում են միայն նախկին պաշտոնյաները, իսկ այդ դեպքում ո՞րն էր հեղափոխության նպատակը:

Վարչապետի խոսքով՝ այդ գործընթացում բռնագանձվում է ապօրինի գույք, որը չունենալու դեպքում անձը չի կարող հետապնդվել:

«Շատ կարևոր է արձանագրել, որ նույն ապօրինի գույքի բռնագանձման գործերով այսօր դատարաններում են գտնվում 1 միլիարդ 300 միլիոն դոլարի ապօրինի գույքի բռնագանձման շուրջ դատական հայցեր: Այդ դատական հայցերն, ի վերջո, նաև հեղափոխության արդյունք են»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ հեղափոխությունից հետո շատ է քննարկվում հարցը, թե ինչո՞ւ թալանվածը չի վերադարձվում:

Վարչապետը նշեց, որ ապօրինի գույքի վերադարձը պետք է իրականացվի ինստիտուցիոնալ և օրենքով սահմանված ընթացակարգով:

Ըստ նրա՝ դատարաններում գտնվող ապօրինի գույքի բռնագանձման հայցերն, ինչպես նաև որոշ դեպքերում վերադարձման հանրահայտ դեպքերը վկայում են, որ այդ առումով հեղափոխության օրակարգը չի մոռացվում, ընդհակառակը՝ հետևողականորեն այդ օրակարգն իրագործվում է:

Ապօրինի գույքի բռնագանձման հարցում վարչապետը նաև կարևորեց համապատասխան արդյունավետ ինստիտուտների ձևավորումն ու ներդրումը, ինչի շուրջ աշխատանքներն ընթացքում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում