Երերույքի տաճարի ամրակայման աշխատանքների նախագիծը պատրաստ է. շինաշխատանքներն արդեն մեկնարկել են
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտակայքում գտնվող հնագույն Երերույքի տաճարի ամրակայման աշխատանքների մեկնարկը տրված է: Հայաստանի և Ֆրանսիայի գիտնականները տաճարում երկար տարիներ ուսումնասիրություններ կատարելու համար Եվրոպական հանձնաժողովի և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի կողմից արժանացել են խորհրդանշական մրցանակի։ Գիտնականների խմբին տրված մրցանակը փակցվեց Երերույքի պատին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը նշեց, որ 2020 թվականին իրենց համալսարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվեր է ստացել՝ իրականացնելու Երերույքի տաճարի ամրակայման և դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը:
«Աշխատանքը հիմնված էր ֆրանս-հայկական հնագիտական արշավախմբի ղեկավար Պատրիկ Տոնապետյանի կողմից ղեկավարած հնագիտական արշավախմբի իրականացրած պեղումների արդյունքների հիման վրա: Որպեսզի նախագծային աշխատանքներն ավելի որակյալ և պատշաճ մակարդակով կատարվեր, մենք ստեղծեցինք նախագծողների միջազգային թիմ՝ հրավիրելով լավագույն մասնագետներին»,-ասաց նա:
Էմմա Հարությունյանը նշեց, որ վերականգնման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Ամրակայման աշխատանքների նախագիծը իրականացնում են ճարտարապետներ Նանար Քալանթարյանը և Գայանե Կազնատին:
«Եվրոպա Նոստրա»-ի փոխնախագահ Քրիստինա Լոլիոն նշեց, որ ասոցիացիայի հիմնական գործառույթներից մեկը հենց նմանատիպ մրցանակների տրամադրումն է, քանի որ Երոպական միությունը իրենց տալիս է հնարավորություն մրցանակը շնորհելու լավագույնին՝ հավաստիացնելով, որ արժևորվում է այն աշխատանքը, որ կատարել են բոլորը:
«Մենք այսօր այստեղ ենք, որ «Եվրոպա Նոստրա»-ի կողմից շնորհված մրցանակը հանձնենք և փակցնենք Երերույքի տաճարի պատին, քանի որ այն իրենից իսկապես շատ մեծ պատմական և մշակութային արժեք է ներկայացնում: Տարիներ առաջ ճարտարապետ Գայանե Կազնատին մեր ուշադրությունը սևեռեց այս եկեղեցու վրա, այն մի հուշարձանային համալիր է, որը լի է արվեստով և մշակույթով»,-ասաց Լոլիոն:
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախմբի ղեկավար Պատրիկ Տոնապետյանն ասաց՝ արշավախումը ձևավորվել է Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանում և Երերույքում աշխատել է 2009-2016 թվականներին՝ սերտ համագործակցելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գյումրիի երկրաբանական թանգարանի հետ:
Նա նշեց, որ փորձելով բացահայտել այն առեղծվածները, որ կային այդ բարդ համալիրում, իրենք բժշկամասնագիտական խումբ են կազմել, իսկ կատարված աշխատանքի մասին մի շարք հոդվածներ են հրապարակվել: Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի շնորհիվ էլ 2020 թվականին լույս է տեսել նաև ամփոփիչ աշխատություն: