ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին:
2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:
2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։
2023թ. մայիսի 15-ին ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2023թ. հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակին: