Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան հանդես կգա Երևանում
1 րոպեի ընթերցում
![Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան հանդես կգա Երևանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1135775.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց-ստուդիան, որի ղեկավարը մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովն է, մայիսի 7-ին հանդես կգա Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոց-ստուդիան Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում կներկայացնի «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» մանկական երաժշտական ներկայացումը (բեմադրությունը՝ Տատյանա Բուրելի):
«Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» զարմանահրաշ ճամփորդություն է դեպի կախարդական աշխարհ։ Ներկայացման հերոսները ոչ միայն հրաշալի երգում ու պարում են, այլև տարբեր երաժշտական գործիքներ են նվագում։ «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» պարզապես ներկայացում չէ, այն իսկական հոգեբանական և թերապևտիկ հեքիաթ է, որը թե´ մեծերին, թե´ փոքրերին անմոռանալի պահեր կպարգևի:
Վիկտոր Ռիժակովի արվեստանոցը բազմաթիվ նախագծերում և փառատոններում գրավել է հանդիսատեսի սրտերը։ Նրանց աշխատանքներն արժանացել են հանրության և մասնագետների ուշադրությանը:
Դպրոց-ստուդիան Երևանում հանդես կգա «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախաձեռնությամբ: