2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 25-ի դրությամբ ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ մարտին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15.3 տոկոսով: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 10.4 տոկոս: Ընդհանրապես, 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նշված ցուցանիշը 14.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի մարտին 33.5 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 262 մլրդ 483.7 մլն դրամ: Ընդ որում, այս տարվա փետրվարի համեմատ գրանցվել է 0.2 տոկոս աճ: Հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 723 մլրդ 685 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 30.4 տոկոսի աճ:

Մարտին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների վերաբերյալ տեղեկություններ ներկայացված չեն: Փոխարենը նշվում է, որ հունվար-մարտ ամիսներին այն կազմել է 87 մլրդ 274.1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.7 տոկոսով:

Շինարարության ծավալը մարտին կազմել է 30 մլրդ 638.2 մլն դրամ՝ անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 13.1 տոկոսով: Այս տարվա փետրվարի համեմատ ծավալներն աճել են 29.4 տոկոսով: 2024-ի հունվար-փետրվարին կատարվել է 72 մլրդ 195.4 մլն դրամի շինարարական աշխատանք: Դա 11.7 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2024 թվականի մարտին ներքին առևտրի շրջանառությունը կազմել է 489 մլրդ 92.6 մլն դրամ, ինչը 30.4 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Իսկ այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 20.1 տոկոս: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ներքին առևտրի շրջանառությունը կազմել է 1 տրլն 238 մլրդ 169.2 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 26.5 տոկոսով:

2024-ի մարտին մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) կազմել է 272 մլրդ 479.5 մլն դրամ՝ 4.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 15.1 տոկոս: Հունվար-մարտ ամիսներին մատուցվել է 745 մլրդ 590.5 մլն դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 5 տոկոսով:

Այս տարվա մարտ ամսին և հունվար-մարտ ամիսներին սպառողական գների ինդեքսի փոփոխության վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն: Սակայն, նշվում է, որ մարտին՝ անցյալ տարվա նույն ամսվա համեմատ, այն նվազել է 1.2 տոկոսով: Այս տարվա փետրվարի համեմատ գնանկումը 0.2 տոկոս է: Իսկ հունվար-մարտ ամիսներին այն 1.2 տոկոսով ցածր է եղել 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ներկայացված չէ նաև այս տարվա մարտին և հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը: 2024-ի մարտին, անցյալ տարվա նույն ամսվա համեմատ, ցուցանիշը մնացել է անփոփոխ: Այս տարվա փետրվարի համեմատ նվազել է 0.1 տոկոսով: Հունվար-մարտ ամիսներին այն 0.3 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2024-ի մարտին Հայաստանում արտադրվել է 789.1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 6.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 1.3 տոկոս: Հունվար-մարտ ամիսներին երկրում արտադրվել է 2 մլրդ 383.5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա. դա 1.4 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Հայերեն العربية Español

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում