ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետությանհրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ավանդական ջահերով երթը:
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ջահերով երթն այս տարի անցկացվեց «Զարկ, երբ հալածում են քեզ» խորագրով:
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան պողոտայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ամեն տարվա նման ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:
Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է: