Գեղարքունիքի ֆուտզալի մարզային առաջնության եզրափակիչ փուլը կկայանա «Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակում
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել է ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը՝ ի հայտ բերելով եզրափակչի, ինչպես նաեւ 3-րդ տեղի համար պայքարող թիմերին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հետ մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը։ Համառ պայքարում 3-2 հաշվով հաղթել է Մարտունու համայնքապետարանի թիմը և դուրս եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ մրցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։ Համառ ու անզիջում պայքարում 4-2 հաշվով հաղթել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը։
Այսպիսով, ապրիլի 27-ին, «ՀՀ Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակում առաջնության հաղթողի կոչումը կվիճարկեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ Մարտունու համայնքապետարանի թիմերը։ 3-րդ տեղի համար կպայքարեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը։ 3-րդ տեղի համար խաղը կկայանա ապրիլի 26-ին։
Խոսրով Խլղաթյան