ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի որոշ բնակավայրերի մի խումբ բնակիչներ ապրիլի 21-ին կրկին փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ՝ ապրիլի 20-ին, միջպետական ճանապարհը փակած բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:
Փակելով միջպետական ճանապարհը, նրանք իրենց բողոքն էին արտահայտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջինպայմանավորվածությանդեմ՝ համարելով, որ դա միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։
Ակցիայի մասնակիցները պնդել են, որ պայմանավորվածության մեջ նշված հատվածներում և առաջարկվող սկզբունքներով սահմանազատման իրականացումը կարող է անվտանգային ռիսկեր ստեղծել մարզի մի շարք բնակավայրերի համար։
Արդեն ապրիլի 20-ի երեկոյան ակցիայի մասնակիցները բացել էին ճանապարհը, իսկ այսօր կրկին փակել:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավորհարցերին։
Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջևԽորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։
Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:
Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: