Արժանահավատ և կիրառելի գաղափարները կարող են պետության կողմից աջակցություն ստանալ. կայացավ համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետարքրքություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 13-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «Համադպրոցական գիտության փառատոն 2024» միջոցառումը:
«Գիտության փառատոնի կազմակերպումը շատ կարևոր է դպրոցներում գիտության հանրայնացումն ապահովելու համար: Այստեղ գտնվող երեխաներից յուրաքանչյուրը սկսկում է հետազոտել, հասկանում է՝ ինչքան հետաքրքիր և կարևոր պրոցես է դա: Նրանց մեծ մասի համար սա դառնում է մասնագիտական կողմնորշման լավ հիմք, որովհետև իրենք իրենց ընտրած թեման լավ ուսումնասիրելով՝ սկսում են պատկերացնել՝ ինչով են ուզում զբաղվել հետագա գործունեության ընթացքում: Փառատոնը էապես ազդում է կրթության որակի վրա: Ներկայացված նախագծերի մեծ մասը կապ ունի բնական գիտությունների այնպիսի ուղղությունների հետ, որոնց որակի բարելավումը մենք այդքան կարևորում ենք դպրոցներում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն: Ես ուրախ եմ, որ մեր երեխաներն, այսպիսով նաև դպրոցներում, կրթության որակի բարելավման ևս մեկ մեխանիզմ են ստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա անկեղծացավ՝ ամեն տարի այս փառատոնից դրական տպավորություններ է ստանում, որովհետև տեսնում է՝ տարբեր դպրոցների տարբեր աշակերտներ, իրենց ուսուցիչների գլխավորությամբ, անդրադառնում են արդիական խնդիրների ու նորարար լուծումներ առաջարկում:
«Կարևոր է, որ մեր երեխաների համար ստեղծենք պայմաններ զարգանալու, կրթվելու, իրենց մտքերն ու գաղափարներն իրականացնելու համար: Կարևոր եմ համարում, որ մեր երեխաները այնպիսի խնդիրների են անդրադառնում, որն ապացուցում է, թե ինչ ուշադիր են իրենց համայնքի, շրջապատի, եղած պրոբլեմների նկատմամբ և փորձում են հենց այդ հարցերը լուծել գիտության և հետազոտության միջոցով, որն էլ մեր կրթական համակարգի և մեր բոլոր բարեփոխումների ամենաուղիղ նպատակն է»,- ասաց նախարարը:
Անդրեասյանը վստահությամբ ընդգծեց՝ պետությունը կաջակցի այն նախագծերին, որոնք ունենան օգնության կարիքը:
«Պետությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը: Մենք վերջին տարիներին ավելացում ունենք՝ 2018-ի համեմատ արդեն 280 տոկոսով, որոնց մեծ մասը կազմում են դրամաշնորհները, որը տրամադրվում է տարբեր հետազոտական խմբերին՝ հենց իրենց գաղափարներն իրականացնելու համար: Այնպես որ, եթե կան գաղափարներ, որոնք արժանի են փորձել, տեսնել դրանց արդյունքն ինչքան արժանահավատ և կիրառելի է, ապա դրանք միշտ կարող են պետության կողմից աջակցություն ստանալ»,- վստահեցրեց ԿԳՄՍ նախարարը:
Չորրորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է. այս տարի «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում ներկայացվում է շուրջ 80 հետազոտական նախագիծ՝ Երևանի և մարզերի 30 ուսումնական հաստատություններից:
Փառատոնին մասնակցում էին միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ խմբով. գիտական ղեկավարի աջակցությամբ՝ նրանք ներկայացնում էին տարվա ընթացքում իրենց իսկ իրականացրած հետազոտական նախագծերը: Նրանք իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացրին ԿԳՄՍ նախարարին, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, ժյուրիի կազմին և հետաքրքրված մարդկանց:
Այս տարի մասնագիտական հանձնաժողովի թիմը համալրվել էր նախարարին կից աշակերտական խորհրդով:
«Փառատոնի հաղթողները մասնակցում են նաև միջազգային գիտական փառատոններին: Կարևորում եմ միջազգային հարթակներում մեր երեխաների մասնակցությունը խրախուսելու և այդ հարթակներում նրանց ներգրավելու հնարավորույթյան ընձեռումը»,- եզրափակեց նախարարը:
Հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի նախագծերը կարող են ներկայացվել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (Los Angeles Convention Center) կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2024)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։